Երիտասարդների միջազգային օրը Գյումրիում
Օգոստոսի 12-ին Գյումրիում մեծ շուքով նշվեց «Երիտասարդների միջազգային օրը», որն այս տարի կրում էր «Կանաչ հմտություններ երիտասարդների համար» խորագիրը։ Կազմակերպիչը «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունն էր։ Քանի որ տոնի խորագիրն այս տարի բնապահպանական էր և քարոզվում էր առողջ ապրելակերպը, ուստի օրվա մեկնարկը տրվեց հեծանվարշավով, երիտասարդները Շառլ Ազնավուրի անվան հրապարակից անցան քաղաքի ամենաբանուկ հատվածներով և վերջնագծին հասան Աբովյան ճեմափողոցում։
Հեծանվային արշավին մասնակցում էին «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջազգային խորհրդի նախագահ, ՇՊՀ-ի Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Արթուր Նաջարյանը, ինչպես նաև ՇՊՀ-ի ուսանողներ։
Հեծանվարշավի ավարտից հետո, Աբովյան ճեմափողոցում, բաց երկնքի տակ երիտասարդները վայելեցին տոնական համերգային ծրագիր։
Թե՛ հեծանվարշավի, և թե՛ համերգի ընթացքում երիտասարդներն իրենց զորակցությունն հայտնեցին շրջափակման մեջ գտնվող Արցախի իրենց հասակակիցներին՝ մեկ անգամ ևս բարձրաձայնելով այնտեղ տիրող հումանիտար աղետի մասին։


