ՇՊՀ-ում նշվեց Տյառնընդառաջը և Սուրբ Սարգսի տոնը

Փետրվարի 14-ին Շիրակի պետական համալսարանում նշվեց Տյառնընդառաջը և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Միջոցառումը կազմակերպվել էր համալսարանի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ:

Համալսարանի բոլոր ֆակուլտետները ներկայացված էին առանձին տաղավարներում՝ Տյառնընդառաջի խորհուրդը բնորոշող քաղցրավենիքներով և հուշանվերներով, որոնք պատրաստվել էին ուսանողների ջանքերով։ Կազմակերպիչները նախաձեռնել էին նաև «Սիրո արկղ», որտեղ ուսանողները հնարավորություն ունեին տեղադրել անանուն նամակներ և փոխանցել իրենց անկեղծ զգացմունքները։

Տյառնընդառաջի խորհուրդը ներկաներին մեկնեց Ազատանի Սբ. Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մակար քահանա Գալամդարյանը։ Այնուհետև համալսարանի բակում, ըստ ժողովրդական ավանդույթի, վառվեց Տյառնընդառաջի խորհրդանշական կրակը։

Տոնական միջոցառումն ավարտվեց ազգային երգերով, շուրջպարով և կրակի վրայից թռչելու ավանդական ծեսով: