«Բնագիտական նախագծեր» և «Ինչպես կազմակերպել բնագիտական հետաքրքիր դասեր» թեմաներով աշխատաժողով ՇՊՀ-ում
Շիրակի պետական համալսարանի Կենսաբանության և քիմիայի ամբիոնում, բուհի 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, հոկտեմբերի 9-ին անցկացվեց «Բնագիտական նախագծեր» և «Ինչպես կազմակերպել բնագիտական հետաքրքիր դասեր» թեմաներով աշխատաժողով: Միջոցառման նպատակն էր աջակցել ուսուցիչներին և աշակերտներին հանրակրթության ոլորտում նոր ներդրված նախագծային ուսուցման իրականացման արդյունավետության բարձրացման գործում, ինչպես նաև բուհ-դպրոց-ուսուցիչ համագործակցության, մասնագիտական կողմնորոշման և շարունակական կրթության խթանմանը:
Միջոցառման սկզբում մասնակիցներին ողջունեցին և արդյունավետ աշխատանք մաղթեցին Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկան Լևոն Մարտիրոսյանն ու Կենսաբանության և քիմիայի ամբիոնի վարիչ Սամվել Ալեքսանյանը։ Ամբիոնի դոցենտ Նելլի Ադամյանը մասնակիցներին ծանոթացրեց նախագծային ուսուցման կազմակերպման պահանջներին, փուլերին և գնահատման մեթոդաբանությանը։
Նախագիծ իրականացնող ուսուցիչները և աշակերտները ներկայացրին իրենց կողմից իրականացված նախագծային աշխատանքները։ Քննարկումների ընթացքում յուրաքանչյուր աշխատանքի վերաբերյալ արվեցին մասնագիտական վերլուծություններ և տրվեցին մեթոդական ուղղորդումներ։ Աշակերտները ծանոթացան նաև Կենսաբանության և քիմիայի ամբիոնի լաբորատորատորիաների աշխատանքներին, սարքերին ու սարքավորումներին։
Աշխատաժողովի ավարտին բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր, իսկ երեք լավագույն աշխատանքները պարգևատրվեցին խրախուսական մրցանակներով:
Շնորհակալություն ենք հայտնում Գյումրու թիվ 32-րդ հիմնական և թիվ 23-րդ միջնակարգ դպրոցների, ինչպես նաև Գյումրու տնտեսագիտական վարժարանի ուսուցիչներին և աշակերտներին ակտիվ մասնակցության համար։











