«Ներառումը մտածելակերպ է» թեմայով դասընթաց ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանի 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ՇՊՀ ուսանողների համար «Հայկական Կարիտասի» կողմից անցկացվեց «Ներառումը մտածելակերպ է» թեմայով դասընթաց, որը կազմակերպվել էր «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի շրջանակներում։ Դասընթացը վարում էր ծրագրի աշխատակից Աննա Գալստյանը։
Դասընթացի ընթացքում Ա․ Գալստյանն ուսանողներին ներկայացրեց, թե ինչպիսի քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել ներառող հասարակություն ունենալու և հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ դրական վերաբերմունքի ձևավորման համար: Նա նաև ընդգծեց ներառական կրթության դերը, որը կարևոր է հավասար հնարավորությունների տրամադրման համար:
ՇՊՀ այն ուսանողները, ովքեր նախկինում մասնակցել էին «Հայկական Կարիտասի» կողմից կազմակերպված ներառականության թեմայով դասընթացներին, կիրառեցին «Հավասարը հավասարին» մեթոդը՝ իրենց ընկերների համար ևս մեկ դասընթաց անցկացնելու միջոցով:
 Միջոցառումը եզրափակվեց խաղ-վարժանքներով և քննարկումներով, որոնք նպաստեցին մասնակիցների շրջանում ներառականության թեմայի խորացմանը և դրա շուրջ ավելի լայն ու բազմակողմանի ըմբռնման ձևավորմանը: