ՇՊՀ-ում կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը

Շիրակի պետական համալսարանում հոկտեմբերի 10-ին կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը, որին 33 անդամից մասնակցում էին 29-ը։

ՇՊՀ ռեկտոր Ե․ Սերոբյանը ներկայացրեց գիտական խորհրդի կազմը նոր համալրած՝ «Հոգեբանություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Ավդալյանին, այնուհետև քննարկվեցին օրակարգով նախատեսված հարցերը։
Հաստատվեցին «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի պետական և ներբուհական ուսանողական նպաստների և կրթաթոշակների հատկացման, ինչպես նաև հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերում ընդունելության և ուսուցման կանոնակարգերի լրամշակված տարբերակները։

Օրակարգային հարցերից էին նաև ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային ֆինանսավորվող երկու թեմաների ընթացիկ հաշվետվությունները, որոնք գնահատվեցին դրական։

Այսօրվա գիտական խորհրդի նիստի ընթացիկ հարցերը մասնավորապես վերաբերում էին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների կրթության գործընթացի կազմակերպմանը։ ՇՊՀ-ի ռեկտոր Ե․ Սերոբյանը նշեց, որ բուհում գործադրվում են բոլոր ջանքերը ուսանողների կրթության շարունակականությունն ու անընդհատությունն ապահովելու համար։