Տեղեկատվական–իրազեկման հանդիպում ակադեմիական ազնվության ապահովման և գրագողության դեմ պայքարի՝ համալսարանում առկա մեխանիզմների ու հնարավորությունների ներկայացմամբ

Շիրակի պետական համալսարանի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման, Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնների նախաձեռնությամբ 06.12.2024թ.-ին նիստերի դահլիճում տեղի ունեցավ տեղեկատվական-իրազեկման հանդիպում։ Վերջինիս նպատակն էր աշխատակիցներին և ուսանողներին ակադեմիական ազնվության ապահովման և գրագողության դեմ պայքարի՝ համալսարանում առկա մեխանիզմներն ու հնարավորությունները ներկայացնելը։ Բանախոսներն էին համալսարանի Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի տնօրեն, Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ՏՏ ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Լիլիթ Մարգարյանը և «Իրավագիտակից հասարակություն» ՀԿ-ի նախագահ, համալսարանի Պատմության և իրավագիտության ամբիոնի դասախոս, իրավաբան Վահե Բաղդասարյանը։

Հանդիպման սկզբում մասնակիցներին ողջունեց համալսարանի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նազելի Ավետիսյանը։ Նա մասնակիցներին ներկայացրեց հանդիպման նպատակը և ընդգծեց ակադեմիական միջավայրում նմանատիպ թեմաների պարբերաբար արծարծման կարևորությունը։

Հանդիպման առաջին մասում բանախոս Լիլիթ Մարգարյանի կողմից ներկայացվեցին համալսարանում ներդրված ակադեմիական ազնվության քաղաքականության և գրագողության դեմ պայքարի հայեցակարգի հիմնական դրույթները: Նա ներկայացրեց, թե ինչ է ակադեմիական ազնվությունը և մատնանշեց նրա խախտման դրսևորումներից մի քանիսը՝ առանձնացնելով հատկապես գրագողությունը: Ներկայացվեցին գրագողության հիմնական տեսակները և այդ երևույթի դեմ պայքարի՝ համալսարանում նախատեսված պասիվ և ակտիվ միջոցները:

Հանդիպման երկրորդ մասում բանախոս Վահե Բաղդասարյանի կողմից նշվեց, որ գրագողությունը հեղինակային իրավունքի խախտում է, քննարկվող հարցերի շուրջ ներկայացվեցին օրենսդրական կարգավորման որոշ առանձնահատկություններ:

Հանդիպման վերջում մասնակիցներին տրամադրվեցին հանդիպումը կազմակերպած կենտրոնների կողմից պատրաստված գրագողության դեմ պայքարի համառոտ ուղեցույցներ: