ՇՊՀ-ի ավագ դպրոցի սաները հյուրընկալվեցին մայր բուհում
Այսօր Շիրակի պետական համալսարանում էին ՇՊՀ-ի Ավագ դպրոցի 11 և 12-րդ դասարանների աշակերտները։
Համալսարանի նիստերի դահլիճում աշակերտներին ողջունեց և բարի գալուստ մաղթեց ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը։ Ռեկտորը հորդորեց աշակերտներին լավ սովորել և առավելագույնս կարևորել կրթության ու գիտելիքի դերն իրենց կյանքում, քանի որ կրթության հիման վրա են կառուցվում գիտելիքահենք հասարակությունները և կրթությունն է լինելու նրանց կյանքի ապագա հաջողությունների հիմնաքարը։
ՇՊՀ-ի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գևորգ Ասատրյանն աշակերտներին ներկայացրեց ընդունելության կարգն ու գործընթացը, ընդունելության հիմնական և լրացուցիչ փուլերը, ՇՊՀ-ի 2024-2025 ուստարվա մասնագիտությունների նախատեսվող ցանկը։
Ֆակուլտետներում դեկանները և ամբիոնների վարիչներն աշակերտներին ներկայացրեցին ամբիոնների պատմությունը, բուհում գործող զեղչային համակարգերը և ուսումնառության ընթացքում ուսանողներին ընձեռվող այլ հնարավորությունները։
«Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Ոսկանյանն էլ աշակերտներին ներկայացրեց Էրազմուս+ ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակներում Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանում մեկ կիսամյակ սովորելու ընթացքում իր ստացած տպավորություններն ու ձեռք բերած փորձը։
Աշակերտները շրջեցին նաև բուհի լաբորատորիաներում, գրադարանում, սպորտային դահլիճներում, ծանոթացան համալսարանի նյութատեխնիկական բազային։



















