ՇՊՀ պատվիրակությունը վերադարձավ Տվերի պետական համալսարանում անցկացված ամառային դպրոցից

Շիրակի պետական համալսարանի «Ռուսաց լեզու և գրականություն» և «Թարգմանչական գործ (անգլերեն-ռուսերեն)» մասնագիտությունների ուսանողները, ինչպես նաև Օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ Վանուհի Սաֆյանը հուլիսի 21-ից 31-ը մասնակցել են «Ռուսկի միր» հիմնադրամի ֆինանսավորմամբ Տվերի պետական համալսարանում կազմակերպված ամառային դպրոցի աշխատանքներին։ Դպրոցը նախատեսված էր ԱՊՀ երկրների ուսանողների համար, ովքեր բուհերում ուսումնասիրում են ռուսաց լեզու և գրականություն:
Տասնօրյա ծրագրի ընթացքում պատվիրակության անդամները մասնակցել են ռուս գրող և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի 230-ամյակին և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված դասախոսությունների շարքին։
Ծրագրի շրջանակներում նրանք այցելել են Տվերի մարզի, Տվեր քաղաքի և Մոսկվայի ռուսական մշակույթը ներկայացնող մի շարք տեսարժան վայրեր, ծանոթացել դրանց պատմությանը։
Մոսկվայում մասնակիցները հյուրընկալվել են ՌԴ Դաշնային խորհրդի սենատոր Լ․ Սկակովսկայային, ծանոթացել Դաշնային խորհրդի աշխատանքներին։ Տվերում այցեցել են հայ համայնքը ներկայացնող ազգային-մշակութային «ԱՐԱՐԱՏ» կազմակերպություն, որի նախագահը՝ գյումրեցի Ե. Գևորգյանը, մեր բուհի շրջանավարտ է: ՇՊՀ-ի պատվիրակությունը ծանոթացել է հայ համայնքի գործունեությանը և հիշարժան օր անցկացրել համայնքի ներկայացուցիչների հետ։
Ամառային դպրոցի ընթացքում Շիրակի պետական համալսարանի ուսանողները հանդես են եկել ելույթներով՝ արժանանալով կազմակերպիչների բարձր գնահատականին։
Ամառային դպրոցի ավարտին բոլոր մասնակիցներին հանձնվել են մասնակցության վկայականներ:
Ծրագրի աշխատանքներին աջակցելու համար Տվերի պետական համալսարանի կողմից շնորհակալական նամակ է ուղարկվել ՇՊՀ ռեկտոր Ե․ Սերոբյանին։