«Մորս լավաշը» խորագրով միջոցառում՝ նվիրված Կորյուն Առաքելյանի քնարերգությանը
ՇՊՀ-ում տեղի ունեցավ «Մորս լավաշը» խորագրով միջոցառումը՝ նվիրված Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության անդամ Կորյուն Առաքելյանի քնարերգությանը։
Նրա ստեղծագործություններում ներկայացված են անհատի զգացմունքներն ու ապրումները։ Կորյուն Առաքելյանի բանաստեղծություններում սիրո, բնության, հայրենիքի, մարդերգության մոտիվները միահյուսվում են ապրելու, արարելու անկոտրում կամքին՝ դառնալով հոգու յուրօրինակ ապաստարան։ Կորյուն Առաքելյանի ստեղծագործությունը բարոյականի և գեղեցիկի բացառիկ համերաշխության օրինակ է:
Բանաստեղծություններում մարդը, մայրն ու հայրենիքը հավասարաչափ սիրով գրկում են պոետին ու բնակեցնում իրենց սրտի մեջ։ Մայրական սերը նրա հոգու ամենամեծ հարստությունն է։ Մայրերգության մեջ գրողը ամենատես է, մանրամասների մեջ՝ ամբողջական, ամբողջության մեջ՝ անթերի։ Տող առ տող կարելի է վերականգնել և ճշգրիտ կերպով կենդանագրել մորը փառերգող որդու հոգեբանական վիճակների հաջորդականությունն ու անցումները։
Միջոցառումը կազմակերպված էր այնքան ինքնատիպ ու յուրահատուկ, որ դահլիճի ամեն մի անկյունում զգացվում էր, թե բանաստեղծի անհատական հուզաշխարհի միջոցով ինչպես են արտահայտվում մոր սերն ու գորովանքը, դահլիճի ամեն մի անկյուն մայրահոտ էր ու շնչում էր լավաշի բույրով։
Միջոցառումը կազմակերպվել էր Հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Օֆելյա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ՝ բուհի ուսանողների և դպրոցների աշակերտների ջանքերով։
















