ՇՊՀ-ում էին Շիրակի միջնակարգ դպրոցի աշակերտները
Շիրակի պետական համալսարանում հյուրընկալեցինք Շիրակի միջնակարգ դպրոցի 8-րդ և 10-րդ դասարանների աշակերտներին։ Այցի հիմնական նպատակն ապագա դիմորդներին համալսարանի նյութատեխնիկական բազային և կրթական ծրագրերին ծանոթացնելն էր։
Այցի շրջանակներում աշակերտները շրջեցին ֆակուլտետներում, որտեղ դեկաններն ու ամբիոնների վարիչները ներկայացրին այն մասնագիտությունները, որոնցով իրականացվում է ընդունելությունը։ Նրանք մանրամասն խոսեցին մասնագիտությունների գրավչության, աշխատաշուկայում դրանց պահանջարկի և շրջանավարտների կարիերայի հեռանկարների մասին։
ՇՊՀ-ի Արտաքին համագործակցության կենտրոնի տնօրենը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը՝ առանձնացնելով Էրազմուս+ ծրագրի ընձեռած հնարավորությունները։
Ապագա դիմորդները, ՇՊՀ-ի Մինչբուհական կրթության կազմակերպման բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ, այցելեցին նաև համալսարանի լաբորատորիաներ, գրադարան, ընթերցասրահ, նիստերի և սպորտային դահլիճներ՝ ծանոթանալով համալսարանի կրթական միջավայրին ու ենթակառուցվածքներին։














