«Միջմշակութային հաղորդակցություն և հանդուրժողականություն» թեմայով դասախոսություն ՇՊՀ-ում
Ապրիլի 1-ին «ՇՊՀ հիմնադրամի ակադեմիական խորհրդատվությունների կառավարման աշխատակարգի» համաձայն համալսարանում անցկացվեց խորհրդատվություն-դասախոսություն «Միջմշակութային հաղորդակցություն և հանդուրժողականություն» թեմայով՝ միտված ՇՊՀ ուսանողների համակարգային կոմպետենցիաների զարգացմանը։
Ակադեմիական խորհրդատվության նպատակն էր մշակութային տարբերությունների ճանաչման և հանդուրժողականության ձևավորման միջոցով բարելավել միջմշակութային հաղորդակցությունը։
Բանախոսը՝ Մանկավարժության ամբիոնի դոցենտ Լուսինե Միքայելյանը, ներկայացրեց թեմայի արդիականությունը և ուսանողների շրջանում դրա ուսումնասիրության հիմնական խնդիրները։ Նա առանձնացրեց միջմշակութային հաղորդակցության այնպիսի ունակությունների ու կարողությունների ձևավորումն ու զարգացումը, ինչպիսիք են հանդուրժողականությունը, ապրումակցումը, ճկուն և քննադատական մտածողությունը, հետաքրքրասիրությունը և ստեղծագործական ընդունակությունները, որոնք կարևոր դեր ունեն երիտասարդ սերնդի արժեքների և հաղորդակցական էթիկայի ձևավորման գործում։
Դասընթացն անցկացվեց ինտերակտիվ մեթոդով։
Ակադեմիական խորհրդատվություններն իրականացվում են ՇՊՀ Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Նազելի Ավետիսյանի վերահսկողությամբ և Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի պետ Վահրամ Էլոյանի համակարգմամբ։


