Հանդիպում-քննարկումներ ՇՊՀ-ում՝ ուսանողների կարիքների բացահայտման նպատակով

Ապրիլի 30-ին Շիրակի պետական համալսարանի Որակի ապահովման բաժնի պետ Գայանե Ավետիսյանը և Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի պրակտիկայի պատասխանատու Ինեսսա Գալստյանը հանդիպում-քննարկումներ անցկացրին համալսարանի երեք ֆակուլտետների ուսումնական խորհրդատուների և կուրսերի ավագների հետ:
 Ինեսսա Գալստյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց ՇՊՀ-ի «Ուսանողների կարիքների բացահայտման և օժանդակման կարգում» ամրագրված դրույթները, որոնք վերաբերում են ուսանողների ակադեմիական և սոցիալական կարիքների բացահայտնմանը և դրանց հետագա լուծման եղանակներին։ Նա հավելեց, որ համալսարանի շահառուներն իրենց ձայնը կարող են լսելի դարձնել նաև «Բողոքների, դժգոհությունների և առաջարկությունների արկղի», ինչպես նաև համալսարանի կայքէջում գործող հետադարձ կապի միջոցով։
Գայանե Ավետիսյանը նշեց, որ նման հանդիպումները կազմակերպվում են յուրաքանչյուր կիսամյակ՝ հիմք ընդունելով «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի «Ուսանողների կարիքների բացահայտման և օժանդակման կարգը»։ Նա նաև ներկայացրեց «Ուսանողության ձայն» նախագիծը՝ շեշտելով նախագծին մասնակցելու կարևորությունը։
Հանդիպումներն ընթացան ակտիվ քննարկումների, հարց ու պատասխանի մթնոլորտում: Բանախոսները լսեցին ուսումնական խորհրդատուների և կուրսերի ավագների բարձրացրած խնդիրներն ու կարիքները, որոնք ամփոփվեցին և կփոխանցվեն համապատասխան ստորաբաժանումներին՝ հետագա լուծման նպատակով։