ՇՊՀ-ում անցկացվեց Գիտական խորհրդի հերթական նիստը
Այսօր Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ Գիտական խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էին «Տնտեսագիտության» ու «Օտար լեզուների և գրականության» ամբիոնների վարիչների ընտրությանն առնչվող հարցերը։
«Տնտեսագիտության» ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի տեղակալման համար առաջադրվել էր նույն ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, տնտ. գ. թ., դոցենտ Արթուր Մկրտչյանի, իսկ «Օտար լեզուների և գրականության» ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի տեղակալման համար՝ մանկ. գիտ. թեկ., դոցենտ Վանուհի Սաֆյանի թեկնածությունը։
Ըստ «Ամբիոնի վարիչի ընտրության կանոնակարգի»՝ Գիտական խորհուրդը նախ քննարկեց ու հաստատեց ամբիոնների վարիչների թեկնածուների ներկայացրած փաստաթղթերի համապատասխանության հարցը նշված կանոնակարգով սահմանված պահանջներին, այնուհետև թեկնածուները ներկայացրին իրենց կողմից առաջարկվող «Ամբիոնի հնգամյա զարգացման հայեցակարգերը» և պատասխանեցին իրենց ուղղված հարցերին:
Անցկացված փակ, գաղտնի քվեարկության արդյունքում «Տնտեսագիտության» ամբիոնի վարիչի ընտրությունը համարվեց չկայացած, քանի որ, համաձայն «Ամբիոնի վարիչի ընտրության կանոնակարգի» 4․18 կետի «ա» ենթակետի, ամբիոնի վարիչի պաշտոնի միակ թեկնածուն չստացավ Գիտական խորհրդի անդամների ձայների կեսից ավելին, իսկ Վանուհի Սաֆյանն ընտրվեց «Օտար լեզուների և գրականության» ամբիոնի վարիչի պաշտոնում:
Շնորհավորում ենք Վ․Սաֆյանին և մաղթում արդյունավետ գործունեություն։














