Շիրակի պետական համալսարանում նշվեց Գիտելիքի և դպրության օրը
Սեպտեմբերի 1-ին Շիրակի պետական համալսարանում տոնական մթնոլորտում նշվեց Գիտելիքի և դպրության օրը։ Տոնի առթիվ ողջույնի խոսքով հանդես եկավ ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը՝ ողջունելով ուսանողներին և մաղթելով արդյունավետ ու հաջողություններով լի ուսանողական կյանք։ Ռեկտորը հատկապես շնորհավորեց առաջինկուրսեցիներին և ավանդույթի համաձայն խրախուսական նվերներ հանձնեց ամենաբարձր միավորներով համալսարան ընդունված ուսանողներին։
Ողջույնի խոսք հղեց նաև ՇՊՀ Ոսանողական խորհրդի նախագահ Նյուռա Մուրադյանը:
Տոնական օրը համալսարան էին եկել նաև «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի ներկայացուցիչները։ Համալսարանական համագործակցության և ուսանողների ներգրավման ղեկավար Արշակ Պողոսյանը, շնորհավորելով առաջինկուրսեցիներին, հիմնադրամի անունից նրանց նվիրեց «Առաջինկուրսեցի․ Սովորի՛ր ՇՊՀ-ում, Դասավանդի՛ր Հայաստանում» խորագրով ժապավեններ։
2025 թվականի սեպտեմբերի 1-ին ՇՊՀ-ում սկիզբ դրվեց նոր ավանդույթի․ այսուհետ Գիտելիքի և դպրության օրը հիշարժան կլինի նաև համալսարանի երախտավորների համար։ Ս.թ. հուլիսի 3-ին ՇՊՀ Գիտական խորհրդի նիստում հաստատվել է ՇՊՀ հիմնադրամի պարգևների և պատվավոր կոչումների շնորհման կանոնակարգում կատարված լրամշակումը, որով որոշում է կայացվել «ՇՊՀ երախտավոր» պատվավոր պարգևը սահմանելու մասին։ Ինչպես համապատասխան կանոնակարգում էլ նշված է, պատվավոր այդ պարգևը, բուհի ռեկտորի ներկայացմամբ և Գիտական խորհրդի որոշմամբ, տրվում է ՇՊՀ հիմնադրամում կրթական և գիտական բազմամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար: Այսօր առաջին հուշամեդալը շնորհվեց ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ազատ Մաթևոսյանին։
Օրվա ավարտին ֆակուլտետների դեկաններն ու Ռազմական ամբիոնի պետն առաջինկուրսեցիներին հանձնեցին ուսանողական տոմսեր և խորհրդանշական նվերներ, որից հետո առաջինկուրսեցիները դեկանների հետ շրջայց կատարեցին համալսարանի մասնաշենքերում, ծանոթացան բուհի կառուցվածքային ստորաբաժանումներին։
ՇՊՀ-ում տոնական օրն իր կատարումներով ավելի գեղեցիկ և հիշարժան դարձրեց Կայազորի զինվորական նվագախումբը։














