Տեղեկատվական–իրազեկման հանդիպում ակադեմիական ազնվության ապահովման և գրագողության դեմ պայքարի՝ համալսարանում առկա մեխանիզմների ու հնարավորությունների ներկայացմամբ
Շիրակի պետական համալսարանի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման, Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնների նախաձեռնությամբ 2026թ.-ի փետրվարի 26-ին և 27-ին նիստերի դահլիճում տեղի ունեցան տեղեկատվական-իրազեկման հանդիպումներ։ Վերջիններիս նպատակն էր աշխատակիցներին և ուսանողներին ակադեմիական ազնվության ապահովման և գրագողության դեմ պայքարի՝ համալսարանում առկա մեխանիզմներն ու հնարավորությունները ներկայացնելը։ Բանախոսներն էին համալսարանի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ՊԿ, Աշխարհագրության և սերվիսի ամբիոնի վարիչ, դոցենտ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Անահիտ Վալեսյանը և Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի տնօրեն, Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ՏՏ ամբիոնի վարիչի ՊԿ, դոցենտ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Լիլիթ Մարգարյանը։
Հանդիպումների ընթացքում բանախոսներ Ա. Վալեսյանի և Լ. Մարգարյանի կողմից ներկայացվեցին համալսարանում ներդրված ակադեմիական ազնվության քաղաքականության և գրագողության դեմ պայքարի հայեցակարգի հիմնական դրույթները: Նրանք ներկայացրին, թե ինչ է ակադեմիական ազնվությունը, մատնանշեցին նրա խախտման դրսևորումներից մի քանիսը՝ առանձնացնելով գրագողությունը: Ներկայացվեցին գրագողության հիմնական տեսակները և այդ երևույթի դեմ պայքարի՝ համալսարանում նախատեսված պասիվ և ակտիվ միջոցները:
Հանդիպման վերջում մասնակիցներին տրամադրվեցին Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի կողմից պատրաստված գրագողության դեմ պայքարի համառոտ ուղեցույցներ:
