Տեղեկատվական–իրազեկման հանդիպում՝ նվիրված գիտահետազոտական գործունեության ուղղությամբ համալսարանում առկա, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ-ի կողմից առաջարկվող դրամաշնորհային ծրագրերի հնարավորություններին ու առանձնահատկություններին
Շիրակի պետական համալսարանի նիստերի դահլիճում Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի նախաձեռնությամբ 27.11.2025թ. տեղի ունեցավ ամենամյա բնույթ կրող տեղեկատվական-իրազեկման հանդիպում, որի նպատակն էր աշխատակիցներին և ուսանողներին գիտահետազոտական գործունեության ուղղությամբ համալսարանում առկա, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ-ի կողմից առաջարկվող դրամաշնորհային ծրագրերի հնարավորություններին ու առանձնահատկություններին ծանոթացնելը։ Բանախոսներն էին Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի տնօրեն, ֆիզմաթ գիտ. թեկնածու, դոցենտ Լիլիթ Մարգարյանը և Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ՏՏ ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ գիտ. թեկնածու Վարդան Մանուկյանը։
Լիլիթ Մարգարյանն իր խոսքում նշեց, որ համալսարանում 2023-2027թթ. գիտահետազոտական գործունեության ուղղությամբ զարգացում ապահովելու, ուսումնառություն-հետազոտություն կապն առավել ամուր դարձնելու, գիտահետազոտական գործունեության արդյունքները միջազգայնացնելու նպատակով ներդրվել է դրամաշնորհների տրամադրման աստիճանական բարդացման սկզբունքով կառուցված քառաստիճան մեխանիզմ: Մասնավորապես՝ համալսարանում 2016թ.-ից գործող գիտական գործունեության համար ներբուհական դրամաշնորհի տրամադրման կարգի փոխարեն այժմ գործելու են 4 կարգեր՝ համալսարանի ՊԴ կազմին և ուսանողներին գիտահետազոտական մեկնարկային (start up) նախագծերի իրականացման համար ներբուհական դրամաշնորհի տրամադրման, համալսարանի աշխատակիցներին և ուսանողներին գիտահետազոտական գործունեության համար ներբուհական դրամաշնորհի տրամադրման, համալսարանի աշխատակիցներին և ուսանողներին գիտահետազոտական գործունեության առաջնահերթությունների ուղղությամբ ներբուհական դրամաշնորհի տրամադրման և համալսարանի գիտահետազոտական գործունեության առաջնահերթությունների ուղղությամբ ստացված արդյունքների առևտրայնացման նպատակով լաբորատորիայի հիմնադրման: Լ. Մարգարյանի կողմից հանգամանալից ներկայացվեցին վերջիններիս առանձնահատկությունները և հնարավորությունները, հետազոտական խմբի անդամներին ներկայացվող պահանջները և ակնկալվող պարտադիր արդյունքները՝ հրավիրելով հատկապես ուսանողների ուշադրությունը, ովքեր ունեն իրական հնարավորություն՝ ներգրավվելու հետազոտական խմբերում:
Հանդիպման երկրորդ հատվածում բանախոս Վարդան Մանուկյանը, որպես շահառու, ներկայացրեց, թե որոնք են ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ-ի գիտահետազոտական գործունեության ուղղությամբ դրամաշնորհային ծրագրերի հնարավորություններն ու առանձնահատկությունները, մասնակցության պայմանները: Նշվեց, որ այժմ համալսարանում իրականացվում են ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ-ի կողմից ֆինանսավորվող 4 գիտական թեմաներ:
Հանդիպումն ուղեկցվեց ակտիվ հարցուպատասխանով: