Տանյա Հովհաննիսյանի ստեղծագործական ուղեծիրը
Այսօր ՇՊՀ-ում կայացավ վաղամեռիկ բանաստեղծուհի Տանյա Հովհաննիսյանի բանաստեղծական աշխարհի գրականագիտական վերլուծությունը, որը ներկայացրեց Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բ.գ.թ. դոցենտ Օֆ․ Հովհաննիսյանը՝ կարևորելով բանաստեղծուհու ապրած կյանքի ծաղկուն հետագիծը: Տանյա Հովհաննիսյանն իր կենդանության օրոք կարողացել է տպագրել «Հրաբուխի ծաղիկ», «Եվայի հեքիաթները» վերնագրերով ժողովածուները:
Տանյա Հովհաննիսյանի քնարական հերոսն իր ինքնախոստովանություններով ստեղծել է ժամանակակից մարդու հոգեբանության հարազատ ու անխարդախ ցոլացումը: Բանաստեղծուհին իր արվեստով դարձել է նաև մերօրյա ստեղծագործողների հոգևոր ներշնչարանը, ինչի շնորհիվ էլ շատերը հեղինակի երկերից կրել են գրական ազդեցություններ:
Տանյա Հովհաննիսյանի պարզ խոսքարվեստով, բանաստեղծական հետաքրքիր կառույցով հատկանշվող երկերն ունեն ներգործուն ուժ։ Բանաստեղծուհու զրույցն իր ընթերցողի հետ անմիջական է, փիլիսոփայորեն ներհուն, զգացմունքներով` ջերմացնող: Յուրաքանչյուրը նրա ստեղծագործության մեջ կարող է գտնել իր համար և իր մասին գրված տողեր՝ նաև ապագայի շեշտակիր լիցքերով հագեցած:
Զեկուցման ավարտին Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Մ. Խաչատրյանը ևս կարևորեց բանաստեղծուհու ստեղծագործական ճանապարհը՝ ընդգծելով և կարևորելով Տանյա Հովհաննիսյանի ինքնատիպությունը գրական աշխարհում: