Վահան Տերյանի 140-ամյակին նվիրված միջոցառում ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանում կազմակերպվել էր Վահան Տերյանի  140-ամյակին նվիրված «Կյանքս այնպես դժվարին էր․․․» խորագրով միջոցառումը։

Գեղեցիկ ու անխարդախ կյանքով ապրելու նվիրական ձգտման արտահայտություն է Վահան Տերյանի ստեղծագործությունը, որի գողտրիկ էջերում բացահայտվում են  մարդու հոգեբանության նրբին ծալքերը, ապրելու, արարելու, խորհելու մեջ երջանկանանալու անսահման ցանկությունը: Բանաստեղծությունները,  իրար ագուցվելով, հատու վրձնահարվածներով հյուսում են ինքնատիպ ու զարմանալի մի աշխարհ: Վահան Տերյանը բյուրեղացած զգացմունքների երգիչ է։

«Հոգեվիճակի տարբեր դիրքերից բացելով տրամադրության և ասելիքի նորանոր  շերտեր ու նրբագծեր՝ այդ ամենը հեղինակն  ի մի է բերում մի կայուն առանցքի շուրջ։ Ահա այդ զգացողությամբ էլ Վահան Տերյանը հոգևոր կամուրջ է ստեղծում իր և ժամանակակիցների միջև»,- նշեց միջոցառման կազմակերպիչ Օֆելյա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ բոլոր մարդիկ էլ իրենց հոգում ունեն ինչ-որ թանկագին բան Տերյանից՝ քնքշորեն պահպանելով  իրենց տերյանական երգը, իրենց սիրած մեղեդին, որը թախիծով օծել է նրանց պատանեկությունը, պայծառ մշուշով պատել նրանց սերը, կարոտները, քաղցր ու տենդագին դարձրել գեղեցիկի որոնումները:

« of 4 »