Ուսանողների կարիքների վերհանման նպատակով երկօրյա հանդիպում-քննարկումներ ՇՊՀ-ում

Նոյեմբերի 11-12-ին  Շիրակի պետական համալսարանի նիստերի դահլիճում տեղի ունեցան հանդիպում-քննարկումներ Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ՊԿ Անահիտ Վալեսյանի, Որակի ապահովման բաժնի պետ Գայանե Ավետիսյանի, Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի պետ Վահրամ Էլոյանի, ֆակուլտետների դեկանների, ուսումնական խորհրդատուների և կուրսերի ավագների մասնակցությամբ:

Հանդիպումներն իրականացվում են ««Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ուսանողների կարիքների բացահայտման և օժանդակման կարգի» համաձայն, և, ինչպես իր խոսքում նշեց  Գ. Ավետիսյանը, այս հանդիպումներն անցկացվելու են յուրաքանչյուր կիսամյակ՝ քննաշրջանի ավարտից հետո։ Հանդիպումների նպատակն է, նախ՝ բացահայտել ուսանողների իրազեկվածության մակարդակը, որից հետո վեր հանել ուսանողների կարիքները և դրանց համար տալ հնարավոր լուծումներ։

Վ. Էլոյանը մասնակիցներին ծանոթացրեց վերոնշյալ կարգում ամրագրված մի քանի դրույթների, որոնք առնչվում են ուսանողների կարիքների վերհանմանը, ինչպես նաև ուսումնական խորհրդատուների իրավունքներին ու պարտականություններին:

Հանդիպումն ընթացավ ակտիվ հարց ու պատասխանի մթնոլորտում։ Ուսանողները բարձրաձայնեցին մի շարք ակադեմիական և սոցիալական բնույթի հարցեր:

« of 5 »