ՇՊՀ ուսանողուհու միջազգային հաջողությունները
Միջազգային շարժունության Էրազմուս+ ծրագիրը հիանալի հնարավորություն է ուսանողների համար՝ իրենց ուսումնառությունը շարունակելու եվրոպական գործընկեր համալսարաններում, ծանոթանալու նրանց մոտ իրականացվող կրթական գործընթացին, մշակույթին, ինչպես նաև ներկայացնելու հարազատ բուհը արտասահմանյան հարթակներում:
ՇՊՀ-ի Անգլերեն և գրականություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Մելինե Գրիգորյանի պատմությունը կարող է ոգևորող ու ոգեշնչող լինել մեր բուհի մյուս ուսանողների համար՝ նոր ձեռքբերումների ու բացահայտումների ճանապարհին: Մելինեն մեկն է ՇՊՀ-ի՝ ակադեմիական շարժունությանը մասնակցած այն ուսանողներից, ովքեր արժանացել են արտասահմանյան մեր գործընկերների բարձր գնահատականին: Եվ դա, ինչպես իրենք էլ նշել են իրենց խոսքում, ամենից առաջ պայմանավորված է եղել հարազատ բուհում իրենց ստացած որակյալ կրթությամբ, ինչն իրենք կարողացել են ներկայացնել, կիրառել ու զարգացնել եվրոպական համալսարաններում:
Մելինեն մեկ կիսամյակ իր ուսումնառությունը շարունակել է Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանում՝ արժանանալով իրեն դասավանդած պրոֆեսորների գովասանքին ու շնորհակալական ջերմ խոսքերին, որտեղ առանձնահատուկ շեշտված են Մելինեի անմիջական բնավորությունն ու բարձր պատասխանատվության զգացումը, սովորելու և նոր ակադեմիական ու մշակութային միջավայրում ինտեգրվելու անկեղծ ձգտումը, բաց և նոր գիտելիքների ձեռքբերման հարցում հետաքրքրասեր լինելը, ինչի շնորհիվ նա նպաստել է կուրսում իրականացվող խմբային աշխատանքներին, արժանացել է համակուրսեցիների և դասախոսների սիրուն ու հարգանքին:
Ինչպես ՇՊՀ-ին ուղղված իրենց նամակներում դոկտորներ Լուսիա Սանս Վալդիվիեսոն, Մարկ Հաթչինգսը և Ջեսուս Բենիտոն են նշում, Մելինեն ոչ միայն բարեկիրթ, հմայիչ և համակրելի ուսանողուհի է եղել, որի ժպիտն ու կենսուրախ բնավորությունը լցրել են լսարանը, այլև ի սկզբանե առանձնացել է որպես բացառիկ աշխատասեր ուսանողուհի՝ մեծ ջանքեր ներդնելով թե՛ դասընթացի նյութը խորությամբ յուրացնելու, և թե՛ լսարանային քննարկումներին ակտիվորեն մասնակցելու համար:
Մեր ուսանողուհուն մաղթում ենք նորանոր հաջողություններ:
