ՇՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
2025թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ Շիրակի պետական համալսարանում կայացավ «Կրթության և գիտության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովին մասնակցության հայտ էին ներկայացրել շուրջ 160 մասնագետներ ինչպես ՇՊՀ-ից, այնպես էլ ՀՀ և արտասահմանյան մի շարք բուհերից, մասնավորապես, Լիսաբոնի համալսարանից, Երևանի պետական համալսարանից, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից և վերջինիս Գյումրու մասնաճյուղից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից և վերջինիս Գյումրու մասնաճյուղից, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից, Հայաստանի ազգային ագրարային համալսարանից, Հայաստանի եվրոպական համալսարանից, Հայ-Ռուսական, Հյուսիսային համալսարաններից, ՀՀ ԳԱԱ ինստիտուտներից և կենտրոններից, Վանաձորի, Գավառի, Գորիսի պետական համալսարաններից, Մոսկվայի և Շիրակի մարզի դպրոցներից:
Մասնակիցների գրանցումից հետո գիտաժողովի աշխատանքներն առկա և հեռավար ձևաչափերով կազմակերպվեցին լիագումար նիստում և 7 բաժանմունքներում.
- Ֆիզիկամաթեմատիկական, տեխնիկական գիտություններ և նրանց դասավանդման մեթոդիկաներ,
- Գիտություններ Երկրի մասին, Կենսաբանական գիտություններ (գյուղատնտեսություն) և նրանց դասավանդման մեթոդիկաներ,
- Տնտեսագիտություն,
- Պատմական գիտություններ և նրանց դասավանդման մեթոդիկաներ,
- Բանասիրական գիտություններ և նրանց դասավանդման մեթոդիկաներ,
- Մանկավարժական գիտություններ, արվեստագիտություն և նրանց դասավանդման մեթոդիկաներ,
- Հոգեբանական գիտություններ:
Գիտաժողովի լիագումար նիստին ողջույնի խոսքով հանդես եկան և մասնակիցներին արդյունավետ աշխատանքային օր մաղթեցին ՇՊՀ ռեկտոր Ե. Սերոբյանը, ՎՊՀ ռեկտորի ԺՊ Ա. Ծատուրյանը, ՀԱՊՀ ԳՄ տնօրեն Ա. Կոստանդյանը և համալսարանի Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի տնօրեն Լ. Մարգարյանը:
Լիագումար նիստին Ավ. Իսահակյանի լեզվագիտական հայացքների և խոսքի պատկերավորության մասին զեկուցմամբ հանդես եկավ համալսարանի «Հայոց լեզու և գրականություն» ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Մ. Խաչատրյանը:
Լիագումար նիստին հաջորդած ընդմիջումից հետո, որը կազմակերպվեց համալսարանի «Բանականության բանալի» ակումբում, գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին բաժանմունքներում, որտեղ մասնակիցներն առկա և հեռավար ձևաչափերով ներկայացրեցին իրենց զեկուցումները:
Բաժանմունքներում ծավալված աշխատանքներից հետո ՇՊՀ նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտաժողովի հանդիսավոր փակումը, որի ընթացքում արդյունքներն ամփոփվեցին բաժանմունքների համանախագահների կողմից, ովքեր հաստատեցին, որ գիտաժողովն անցել է բուռն քննարկումներով, կարծիքների փոխանակմամբ, բարձրացված խնդիրների համար լուծումների առաջադրմամբ:
Գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկուցումներին համապատասխան հոդվածների հեղինակներին տրամադրվելու են մասնակցության վկայականներ, իսկ հոդվածները, որոնք գրախոսման արդյունքում կերաշխավորվեն տպագրության, լույս կտեսնեն ՀՀ ԲԿԳԿ-ի կողմից ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում ընդգրկված ՇՊՀ Գիտական տեղեկագրի 2025թ.-ի N2-ում:
Գիտաժողովի կազմակերպչական հարցերում ակտիվ մասնակցություն ունեցան ՇՊՀ կամավոր-ուսանողները, ՈՒԳԸ անդամները:
Գիտաժողովի մանրամասները՝ տեսանյութում: