ՇՊՀ-ում անցկացվեց իրազեկման հանդիպում առաջին կուրսեցիների հետ

Հոկտեմբերի 15-ին Շիրակի պետական համալսարանում անցկացվեց իրազեկման ամենամյա հանդիպում առաջին կուրսեցիների հետ, որը կազմակերպել էին Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժինը (ՈՒԱԲԳՀ) և Ուսանողական խորհուրդը (ՈՒԽ)։

Հանդիպումն ընթացավ հետաքրքիր ձևաչափով․ «Քուիզ» հարթակով անցկացվեց խաղ-վիկտորինա՝ ՇՊՀ 90-ամյակին վերաբերող հարցերով, վիճակահանության արդյունքում էլ ընտրվեց «Օրվա հաջողակ» մասնակիցը։

Շիրակի պետական համալսարանի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Նազելի Ավետիսյանը ողջունեց առաջին կուրսեցիներին՝ ներկայացնելով համալսարանի պատմությունը և ընթացող հավատարմագրման գործընթացը։

Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի պետ Վահրամ Էլոյանն անդրադարձավ բաժնի գործառույթներին՝ մասնակիցներին ծանոթացնելով պետական և ներբուհական ուսանողական նպաստների և կրթաթոշակների հատկացման կանոնակարգը, ինչպես նաև ներկայացրեց ուսանողների իրավունքներն ու պարտակությունները։ ՇՊՀ ուսանողների աջակցության և պրակտիկայի կազմակերպման պատասխանատու Ինեսսա Շուխյանը ներկայացրեց պրակտիկայի դերն ու նշանակությունը ապագա մասնագետի կայացման գործում, անդրադարձավ կրեդիտային համակարգի առանձնահատկություններին ու գնահատման կարգին։

ՇՊՀ ՈՒԽ նախագահ Նյուռա Մուրադյանը ներկայացրեց ՈՒԽ-ի կազմն ու կանոնադրությունը։ Այնուհետև ՈՒԽ քարտուղար Ալլա Աղաբաբյանը սահիկաշարի միջոցով առաջին կուրսեցիներին ներկայացրեց ՈՒԽ-ի գործունեության շրջանակը և նախատեսվող միջոցառումները։