ՇՊՀ-Ի ՌԵԿՏՈՐ ԵՐՎԱՆԴ ՍԵՐՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ ուսուցիչներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ:
Այս տոնը կոչված է մեծարանքի խոսքեր հղելու և առանձնակի ընդգծելու կրթության նվիրյալների վճռորոշ դերն ու պատասխանատվությունը սերունդների կրթության ու դաստիարակության, ազգային արժեհամակարգի կերտման և պետության հզորացման գործում։
Դարեր շարունակ հայ ուսուցիչը եղել է մեր ժողովրդի հոգևոր ու մտավոր զարգացման շարժիչ ուժը, սերունդների դաստիարակության և կրթության նվիրական առաքելության կրողը։ Մեր պատմության ամենափառավոր էջերում ուսուցչի գործը գնահատվել է որպես հայրենիքի հզորացման, ազգային ինքնագիտակցության ամրապնդման և արժանապատիվ քաղաքացի կերտելու անփոխարինելի հիմք։
Սիրելի՛ ուսուցիչներ, ձեր կոչումը ոչ միայն մասնագիտություն է, այլև մեծագույն պատասխանատվություն և վեհ առաքելություն։ Դուք ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքով ուրվագծում եք մեր պետության վաղվա օրը՝ կրթելով ու դաստիարակելով մեր ապագա զինվորին, գիտնականին ու մշակին։
Մաղթում եմ, որ ձեր հայրենանվեր ու նվիրական գործը միշտ ուղեկցվի արժանապատիվ գնահատանքով, սաների սրտանց երախտագիտությամբ և նորանոր մասնագիտական ձեռքբերումներով։ Թող ձեր կյանքի ուղին լինի լուսավոր ու արգասաբեր, իսկ հաջողությունն ու ստեղծագործական վերելքը լինեն ձեր մշտական ուղեկիցները ողջ կյանքի ընթացքում: