ՇՊՀ-ի ուսանողների հաղթարշավը շարունակվում է. ամփոփվել են 2025թ․ «Լավագույն ուսանող» մրցույթի արդյունքները
Շիրակի պետական համալսարանը, հավատարիմ մնալով մարզաշխարհի ոլորտում առաջատարներից մեկը լինելու իր բարի ավանդույթին, շարունակում է հաղթարշավը և տարին ամփոփում նոր հորիզոններ նվաճելով:
Այսպես՝ ԿԳՄՍ նախարարի դեկտեմբերի 11-ի հրամանով ամփոփվել են Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2025 թվականի մրցույթի արդյունքները, որի շրջանակներում ՇՊՀ-ն առաջատար դիրք է գրավում իր 4 մագիստրոս-մրցանակակիրներով:
Առաջին հորիզոնականն են նվաճել և արժանացել սահմանված կրթաթոշակներին ՇՊՀ-ի Բնագիտամաթեմատիտական ֆակուլտետի «Աշխարհագրություն» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Գրիգորյանն ու «Ֆիզիկական դաստիարակության և սպորտային մարզումներ» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի, 2025 թվականի հրաձգության Եվրոպայի առաջնության երրորդ մրցանակակիր Արուսյակ Գրիգորյանը:
Բուհի ևս 2 մագիստրոս-ուսանողուհիներ զբաղեցրել են պատվավոր հորիզոնականներ. Հասարակական գիտությունների ֆակուլտետի «Հոգեբանություն» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Նյուռա Մուրադյանն զբաղեցրել է 2-րդ, իսկ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն և գրականություն» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Էմմա Հովակիմյանը՝ 3-րդ տեղը: Նրանք նույնպես արժանացել են սահմանված կրթաթոշակներին:
Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Ե. Սերոբյանն այսօր այս ուրախալի լուրը հայտնեց մեր մրցանակակիրներին և անձամբ իր ու բուհի ամբողջ հանրույթի անունից ջերմորեն շնորհավորեց նրանց՝ շեշտելով, որ բացառիկ այս արդյունքի համար համալսարանն հպարտանում է նրանցով ու մաղթում նորանոր նվաճումներ: