Հոկտեմբերի 30-ին Շիրակի պետական համալսարանում կրկին իսահակյանական օր էր

Վարպետի ծննդյան օրը Հայոց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ նշվեց նրա 150-ամյակը։

«Սի՛րտըս երկինք է… »   խորագրով միջոցառմանը ներկայացվեցին մեծ բանաստեղծի ստեղծագործություններն ու դրանց հիման վրա գրված երգերից։

Ավ. Իսահակյանի  երգած սիրո մեջ դաշն են շիրակյան հովերի շնկշնկոցը, ալագյազյան վեհությունը և  իր մեծ նախորդի՝ սիրո անզուգական երգիչ Քուչակի «մոլեգնությունը»։ Իսկ դա բխում է քնարերգուի ժողովրդականությունից, նրա մարգարտյա երգերի ժողովրդական ակունքներից։

Իսահակյանն առաջին հայ քնարերգուն է, որ առանձին խորությամբ, ամենասուրբ գույներով ու զգացմունքներով երգեց մոր սերը՝ մեր պոեզիան հարստացնելով այդ թեմայով գրված անզուգական գործերով։

Միջոցառման ընթացքում ինքնաբացահայտման տողերից հառնեց անթերի մի դեմք, կատարելության հասնող մի կերպար, որի կերտման համար ընտրված ամենաբնորոշ գույնը, թերևս, հայրենիքի հանդեպ ունեցած սիրո անմիջականությունն էր, որովհետեւ «տիեզերքի պերճ հյուսվածքին» վեհացնողը հայրենասիրությունն է, որը  միահյուսված է բնության սրբազան ու վսեմ գեղեցկություններին։ Բնություն, ուր արևում են Հայրենիքը, Մայրը, Սերը։ Եվ այս արևներից, որոնց շողերն էլ ցոլցլացին նրա իմաստուն տողերի մեջ, աշխարհին պարզում  են  բանաստեղծի  մեծ հոգու մարդասիրությունը, մարդու վեհությունը.

Է՜յ, ջան — հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես,
Սարերըդ կորած երկնի մովի մեջ.․․

Միջոցառման կազմակերպիչ՝ Հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Օֆելյա Հովհաննիսյանը, կարևորելով իսահակյանական պատգամները հատկապես մեր օրերի խառնարանում, ընգծեց, որ միջոցառմանը մասնակցում էին և՛ բուհի երեք ֆակուլտետների ուսանողները, և՛  դպրոցի աշակերտներ ու շրջանավարտներ։

Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Մարիետա Խաչատրյանը, ամփոփելով միջոցառումը, նշեց իսահակյանական օրվա բացառիկ խորհուրդը՝ կարևորելով մի շարք առանցքային հարցեր նաև մեր օրերում։

« of 29 »