ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի և Շիրակի պետական համալսարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը, կարևորելով գիտության համաչափ զարգացման խթանումը, համագործակցության հուշագրեր ստորագրեց մարզային բուհերի հետ: Հուշագրի նպատակը կրթական, գիտահետազոտական ոլորտներում կողմերի միջև գործընկերային հարաբերությունների հաստատումն է, ինչպես նաև համագործակցության ծրագրերի իրականացումը: Համագործակցությունը ներառում է նաև ուսանողների պրակտիկայի կազմակերպումն ու անցկացումը, գիտահետազոտական աշխատանքների ղեկավարումն ու համաղեկավարումը:

Շիրակի պետական համալսարանի անունից փաստաթուղթը վավերացրեց ռեկտոր Եվանդ Սերոբյանը,  կարևորելով գիտության և կրթության ոլորտների միջև կապերի ամրապնդման, մասնագիտական կարողությունների արդյունավետ օգտագործման և առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Ե. Սերոբյանը նաև նշեց, որ Արևելագիտության ինստիտուտի գիտնականների և ՇՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի համագործակցության ու համատեղ ջանքերի արդյունքում ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի հետազոտական բաղադրիչն ավելի կհզորանա:

Իր խոսքում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գ. Իսկանդարյանն էլ կարևորեց փոխայցելությունների միջոցով ոլորտի լավագույն մասնագետների հետ շփվելու և գիտական ու մեթոդական գրականությունից օգտվելու հնարավորությունը: Նա նշեց, որ առաջիկայում նախատեսվում է իրենց միջազգային համագործակցության ծրագրերում ներգրավել նաև գործընկեր մարզային բուհերին:

Հանդիպման ավարտին կողմերը վստահեցրին, որ գիտությունն ու հետազոտությունը զարգանում են նմանօրինակ հարթակների միջոցով ձևավորելով համագործակցության ընդհանուր դաշտ, փոխանակելով ձեռքբերումներն ու առաջավոր փորձը և իրականացնելով ապագայամետ համատեղ ծրագրեր:

« of 6 »