Հանդիպում-քննարկում ուսանողների հետ

Հոկտեմբերի 29-ին Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ՊԿ Անահիտ Վալեսյանի, Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի տնօրեն Լիլիթ Մարգարյանի, Արտաքին համագործակցության կենտրոնի տնօրեն Հովիկ Մելքոնյանի, Որակի ապահովման բաժնի պետ Գայանե Ավետիսյանի, ինչպես նաև Ուսանողական խորհրդի և Ուսանողական գիտական ընկերության անդամների մասնակցությամբ։ Հանդիպման նպատակն էր՝ վեր հանել ուսանողների կարիքները և քննարկել դրանց հնարավոր լուծման ուղիները։

Այս բնույթի հանդիպում-քննարկումները ՇՊՀ-ում պարբերաբար են անցկացվում և դա հիմնականում պայմանավորված է բուհի զարգացման ռազմավարական ծրագրում ամրագրված առաջին արժեքի՝ ուսանողակենտրոն միջավայրի զարգացման անհրաժեշտությամբ: Այս հանդիպումները հնարավորություն են տալիս անմիջական զրույց ունենալ ուսանողների հետ, լսել նրանց դիտարկումներն ու առաջարկությունները, բացահայտել ուսումնառությունից նրանց բավարարվածությունը, ինչպես նաև նրանց  հաջողությունների ապահովման համար  համապատասխան պայմաններ ստեղծել:

Հանդիպման սկզբում Ա. Վալեսյանը ողջունեց ներկաներին՝ կարևորելով ուսանողների դերը բուհական կյանքում, ինչպես նաև նրանց կարիքների բացահայտումն ու համապատասխան լուծումների ուղղությամբ աշխատանքների իրականացումը։

Լ. Մարգարյանն իր խոսքում նշեց, որ համալսարանը որդեգրել է ուսանողակենտրոն ուսուցման գաղափարը, և որ ուսանողի ձայնը լսելի ու կարևոր է բուհի արդյունավետ գործունեության ապահովմա համար։ Նա հավելեց, որ ուսանողները ներգրավված են բուհում գործող տարբեր խորհուրդների աշխատանքներում։

Գ. Ավետիսյանը, խոսելով որակյալ կրթական միջավայրի ապահովման և կարիքների ուսումնասիրման մասին, ընդգծեց, որ որակյալ կրթական միջավայրի ապահովման նպատակով ուսանողների գիտակրթական և սոցիալ-մշակութային կարիքների մշտադիտարկումն ու վերհանումը ամրագրված են «ՇՊՀ ուսանողների կարիքների բացահայտման և օժանդակման կարգում»։ Նա հավելեց, որ նախորդ հանդիպումների ընթացքում վերհանված խնդիրները քննարկվել և ստացել են համապատասխան լուծումներ։

Հ. Մելքոնյանը կարևորեց ուսանողների ակտիվ մասնակցությունը ակադեմիական փոխանակման ու շարժունության ծրագրերին՝ նշելով, որ դրանք նպաստում են նոր գիտելիքների,  հմտությունների և փորձի ձեռքբերմանը։

Հանդիպումն ընթացավ ակտիվ հարց ու պատասխանի մթնոլորտում։ Ուսանողները բարձրաձայնեցին մի շարք ակադեմիական և կազմակերպչական բնույթի հարցեր, մասնավորապես՝ պրակտիկայի, գնահատման համակարգի, ուսանողների համար նախատեսված շարժունության ծրագրերի, համալսարանական միջոցառումների կարևորության մասին։ Քննարկվեցին նաև ընթացիկ այլ հարցեր։

« of 13 »