Հանդիպում որակի աջակից-դասախոսների հետ
Նոյեմբերի 27-ին Շիրակի պետական համալսարանի Որակի ապահովման բաժինն աշխատանքային քննարկում անցկացրեց բուհի որակի աջակից-դասախոսների հետ։
Հանդիպման ընթացքում բաժնի պետ Գ․ Ավետիսյանն ընդգծեց, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս պահպանել անմիջական կապ դասախոսների հետ, քննարկել ընթացիկ գործընթացները և ապահովել նրանց ակտիվ մասնակցությունը Որակի ապահովման բաժնի աշխատանքներին։
Որակի ապահովման պատասխանատու Շուշաննա Սահակյանն էլ ներկայացրեց 2024–2025 ուսումնական տարում ՇՊՀ ուսանողների կողմից պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական, մանկավարժական և կազմակերպչական կոմպետենցիաների գնահատման, առաջին կուրսերի ուսանողների՝ բուհում իրականացվող կրթական և կազմակերպչական գործընթացներից ակնկալիքների գնահատման, ինչպես նաև ուսանողների կողմից մանկավարժական պրակտիկայի արդյունավետության և որակի գնահատման նպատակով իրականացված հարցումների վերլուծությունը։
Գ․ Ավետիսյանը ևս մեկ անգամ հորդորեց պատասխանատվությամբ մոտենալ իրականացվող հարցումներին, քանի որ դրանց հիման վրա հնարավոր է կատարել թիրախային և արդյունավետ բարելավումներ։
Հանդիպումն անցավ բովանդակային և կառուցողական քննարկման մթնոլորտում։