Էրազմուս+ ակադեմիական շարժունության ծրագրի ընթացքը ՇՊՀ-ում

ՇՊՀ-ում մարտի 24-ին անցկացվեց Էրազմուս+ ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակներում եվրոպական գործընկեր համալսարաններում ՇՊՀ-ի ուսանողների կողմից կատարված աշխատանքների հաշվետվության ներկայացումը։ Այս ձևաչափով աշխատաժողովները ՇՊՀ-ում արդեն դարձել են ավանդական, որոնց մասնակցում են ոչ միայն ներքին, այլև արտաքին շահառուները, ինչպես նաև այլ բուհերի և ավագ դպրոցի աշակերտները:

«Կենսատեխնոլոգիա» մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Հովհաննիսյանը ուսանել էր Ռումինիայի Տիմիշոարայի համալսարանում, «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Մերի Դավթյանը՝ Ռումինիայի Սուչավայի համալսարանում, իսկ նույն կուրսի ուսանողուհի Աստղիկ Ոսկանյանը՝ Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանում։

Ծրագրի մասնակիցները սահիկաշարերի ներկայացման միջոցով պատմեցին ՇՊՀ-ից մինչև հյուրընկալող եվրոպական բուհեր իրենց անցած ճանապարհի մասին, անդրադարձան և համեմատական զուգահեռներ անցկացրեցին մեր և հյուրընկալող համալսարանների կրթական փորձի, ուսումնական գործընթացի,  ուսանողական առօրյայի և տվյալ երկրի ու համալսարանի գրավչության միջև։

Ամփոփելով աշխատաժողովի արդյունքները՝    ՇՊՀ ռեկտոր Ե․ Սերոբյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ուսանողներին՝  մեր համալսարանը արտասահմանում լավագույնս  ներկայացնելու, ինչպես նաև բուհի պրոֆեսորադասախոսական կազմին՝  նման  ուսանողներ կրթելու համար։