ՇՊՀ-ում Էրազմուս+ KA-1 ակադեմիական շարժունության ծրագրի մասնակիցները հաշվետվություն ներկայացրեցին

Հունիսի 10-ին Շիրակի պետական համալսարանում Էրազմուս+ KA-1 ակադեմիական շարժունության ծրագրի մասնակիցները հանդես եկան իրականացված աշխատանքների հաշվետվությամբ։

ՇՊՀ-ի արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի տնօրեն Հովիկ Մելքոնյանը, ներկայացրեց ակադեմիական շարժունության ծրագրին մասնակցած աշխատակիցներին:

ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ բուհը փորձում է պարբերական դարձնել համագործակցության ծրագրերի շրջանակներում իրականացված աշխատանքների մասին հաշվետվությունները ներկայացնելու այսպիսի ձևաչափը, որը, ապահովելով հրապարակայնությունն ու ավելի շատ շահառուների իրազեկելու անհրաժեշտությունը, միաժամանակ նպաստում է ձեռք բերված փորձի ու նոր գիտելիքների տարածմանը:

Ակադեմիական շարժունության 5-օրյա ծրագրին ՇՊՀ-ի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Հասմիկ Մատիկյանը մասնակցել է Ռումինիայի Սուչավայի Շտեֆան չել Մարեի համալսարանում։ Նույն համալսարանում է վերապատրաստում անցել համալսարանի արտաքին համագործակցության պատասխանատու Ալինա Անտոնյանը։

Ռումինիայի մեկ այլ՝ Յասիի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանում վերապատրաստման ծրագրին մասնակցել է ՇՊՀ-ի իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի վարիչի ԺՊ Արտակ Հովհաննիսյանը։

Մասնակիցները ներկայացրեցին այն համալսարանների մասին տեղեկություններ, որոնց հետ համագործակցել են շարժունության ծրագրի շրջանակներում, ապա հաշվետվության ձևով ներկայացրեցին իրականացրած աշխատանքներն ու ձեռք բերած փորձառությունը։ Կարևորելով փոխանակման ծրագրերին մասնակցությունն ու ամփոփելով ստացած դրական տպավորություններն ու արդյունքները՝ ՇՊՀ-ի աշխատակիցները գործընկերներին ևս հորդորեցին մասնակցել ծրագրերին։

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՇՊՀ-ի այն աշխատակիցները, ովքեր իրենց ակադեմիական շարժունությունն անցկացնելու են Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանում։ Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի ՊԿ Նազելի Ավետիսյանը նրանց առաջարկեց առանձնակի ուշադրություն դարձնել հյուրընկալող համալսարանի գնահատման համակարգի և անհատական պլանների միջոցով կրթական ծրագրերի իրականացման առանձնահատկություններին՝ նրանց դրական փորձը տեղայնացնելու և ՇՊՀ-ում ներդնելու նպատակով։

Ելույթներին հետևեց քննարկումն ու շարժունության ծրագրերի վերաբերյալ հարցուպատասխանը մասնակիցների միջև