«ԱՆՁԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԴԱՍԸՆԹԱՑ

Սիրելի երիտասարդներ,

«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ hմտություններ ապագայի համար» ծրագրի շրջանակներում «ՕքսԵՋեն» հիմնադրամը հայտարարում է «ԱՆՁԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ*» դասընթացի մասնակցության մրցույթ, որին կարող են դիմել Հայաստանում բնակվող, աշխատանքային հմտությունների ու անձնային որակների զարգացմամբ հետաքրքրված 16-30 տարեկան երիտասարդները: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար:

Ծրագրի նպատակն է՝ ինքնազարգացման և ինքնաներկայացման հնարավորություններ ընձեռել ՀՀ տարածքում բնակվող երիտասարդներին, զարգացնել նրանց զբաղունակության և ձեռնարկատիրական հմտությունները, նպաստել համագործակցության նոր հնարավորությունների ձեռքբերմանը և նրանց աշխատանքային ու մասնագիտական առաջընթացի ապահովմանը: Ծրագրի թեմաները ներառում են կարիերայի զարգացում, թիմային աշխատանք, հաղորդակցման, կազմակերպչական ու այլ հմտությունների զարգացում, ստեղծագործական մտքի, նախաձեռնողականության ու այլ անձնային որակների զարգացում և այլն:

Ծրագիրը բաղկացած է 2 փուլից, յուրաքանչյուրը՝ 4-օրյա տևողությամբ (3-օրյա դասընթաց + ճամփորդությունը դեպի դասընթացի վայր և վերադարձ): Ընտրվելու դեպքում մասնակիցները պարտավորվում են 2 փուլին էլ մասնակցել: Պարապմունքները վարելու են հայախոս հմուտ դասընթացավարներ: Դասընթացն ամբողջությամբ իրականացվելու է հայերեն լեզվով:
Դասընթացների մասնակցությունն անվճար է, ճանապարհային և կեցության ծախսերն ու այլ հարցերը կհոգան կազմակերպիչները:

Ծրագրի հիմնական ուղղվածություններից է ներառականությունը, ուստի խոցելի խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց, փախստականների, սահմանամերձ շրջանի բնակիչների, ուսուցման և վերապատրաստման հնարավորություններ չունեցող և գործազուրկ երիտասարդների, էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությունը խրախուսվում է: Ուստի հիմնադրամը պատրաստ է մոտիվացված և ծրագրի չափանիշներին բավարարող երիտասարդներին ցուցաբերել համապատասխան աջակցություն՝ նրանց մասնակցությունն ապահովելու համար:

Դիմումներն ընդունվում են մինչև հունիսի 30-ը ներառյալ: Ընտրության արդյունքները կհայտարարվեն հուլիսի 9-ից սկսած: Ժամկետից ուշ ներկայացված հայտադիմումները չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել sgrigoryan@oxygen.org.am, կամ զանգահարել +37411308808, ներք. 115, Սոնա Գրիգորյանին:

Հարգանքներով՝
«ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ

*ԱՆՁԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ — սովորաբար համարվում են ոչ թե կոնկրետ աշխատանքի, մասնագիտության, ուսումնական գիտակարգի կամ գիտելիքի ոլորտի հետ կապված, այլ հմտություններ, որոնք կարող են լայնորեն օգտագործվել տարբեր իրավիճակներում և աշխատանքային պայմաններում (IBE 2013): Դրանցից են՝ կազմակերպչական, հաղորդակցման կամ թվային հմտությունները, ժամանակի կառավարումը, ստեղծագործական միտքը, նախաձեռնողականությունը, թիմային լինելն ու անձնային այլ որակները: Այս հմտությունների նկատմամբ պահանջն աստիճանաբար ավելի է մեծանում՝ փոփոխվող պայմաններին հաջողությամբ հարմարվելու և իմաստալից ու արդյունավետ մասնագիտական կյանք ունենալու համար:

Մանրամասների համար՝  http://bit.ly/2MzSCJd