ՇՊՀ-ում կայացավ հանրապետական ուսանողական գիտաժողովը

Նոյեմբերի 11-ին ՇՊՀ-ում կազմակերպված հանրապետական ուսանողական գիտաժողովը համալսարանում էր մեկտեղել հանրապետության 18 բուհերի երիտասարդ հետազոտողներին։
Գիտաժողովի պաշտոնական մեկնարկն ազդարարեց ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը՝ ողջունելով և արդյունավետ աշխատանք մաղթելով մասնակիցներին։ Ռեկտորը շեշտեց գիտաժողովի անցկացման կարևորությունը ոչ միայն հետազոտությունների արդյունքները ներկայացնելու, այլ նաև գիտակրթական կյանքի ակտիվացման և միջբուհական համագործակցությունների ամրապնդման տեսանկյունից։
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև կազմհանձնաժողովի տեղակալ Արմենուհի Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ գիտաժողովը կծառայի իր նպատակին, ուսանողներն էլ համագործակցային կապեր կհաստատեն և կնպաստեն հետազոտական մտքի զարգացմանը։
Գիտաժողովի լիագումար նիստին երեք գիտական զեկուցումներով հանդես եկան ՀՊՄՀ-ի, ՇՊՀ-ի և ԵՊՀ-ի ուսանողները, այնուհետ առկա և հեռավար եղանակներով աշխատանքները շարունակվեցին 11 բաժանմունքներում։ Գիտության տարբեր ուղղություններով իրենց կատարած հետազոտությունների արդյունքները ներկայացրեցին 103 ուսանողներ։
Գիտաժողովի ավարտին ամփոփվեցին բոլոր բաժանմունքների աշխատանքները։ Համանախագահները հանդես եկան ամփոփիչ ելույթներով՝ նշելով, որ հնչել են հետաքրքիր և ուշագրավ զեկուցումներ, ծավալվել են բովանդակալից ու արդյունավետ քննարկումներ և բանավեճեր, առաջ են քաշվել նոր գաղափարներ։
Հայաստանյան բուհերից եկած ուսանողներն էլ շնորհակալական խոսք հղեցին կազմակերպիչներին ջերմ ընդունելության համար և միմյանց մաղթեցին շարունակական համագործակցություն՝ նոր նախաձեռնությունների շրջանակում։
Կազմհանձնաժողովի տեղեկացմամբ՝ գիտաժողովին ներկայացրած զեկուցումները գրախոսման ենթարկվելուց հետո կտպագրվեն առանձին նյութերի ժողովածուում։