Շիրակի պետական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված՝ պարգևների հանձնման հանդիսավոր միջոցառում
Այսօր Շիրակի պետական համալսարանի նիստերի դահլիճում տոնական տրամադրություն էր թևածում. անմիջական ու ջերմ մթնոլորտում անցավ համալսարանի հիմնադրման 90-ամյակի առիթով պարգևների հանձնման հանդիսավոր միջոցառումը։
Սկզբում ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը։ Նա շնորհավորելով ներկաներին՝ նշեց, որ բուհի պատմությունը սկիզբ է առել դեռևս 1934 թվականին, և 90 տարի անց Շիրակի պետական համալսարանը շարունակում է իր արժանի տեղն զբաղեցնել հանրապետության կրթական համակարգում։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ևս շնորհավորեց հարազատ բուհին՝ ընդգծելով, որ իր կենսագրության մի մասը կերտվել է այս պատերի ներսում, և իր ջերմ երախտագիտությունն ու անկեղծ շնորհակալությունն հայտնեց այն մարդկանց, ովքեր ներդրում են ունեցել կարևոր այդ գործում։
ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը ևս շնորհավորեց հարազատ բուհին և ներկայացրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը՝ հանձնելով ԱԺ նախագահի հուշամեդալը:
Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ՇՊՀ ռեկտոր Ե. Սերոբյանը պարգևատրվեց «Ռազմական համագործակցության համար» մեդալով, Ռազմական ամբիոնի չորս աշխատակիցներ՝ «Դրաստամատ Կանայան», «Նելսոն Ստեփանյան» մեդալներով, իսկ երկու աշխատակիցներ՝ արժեքավոր նվերով։ Պարգևները փոխանցեց ՇՊՀ Ռազմական ամբիոնի պետ գնդապետ Արթուր Մկրտչյանը։
Բուհի շուրջ հինգ տասնյակ աշխատակիցներ կրթության և գիտության ոլորտում ներդրած ավանդի համար և Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարանի հիմնադրման 90-ամյակի առթիվ ՇՄ մարզպետ Դավիթ Առուշանյանի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և դիպլոմներով։
Համալսարանական կրթության գործում նշանակալի ավանդի, բեղմնավոր և արգասաբեր գործունեություն ծավալելու համար և իրենց ծննդյան 80-ամյակի առթիվ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ՏՏ ամբիոնի պատվավոր վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սամվել Սարգսյանը և նույն ամբիոնի դոցենտ Նաշիկ Հարությունյանը պարգևատրվեցին «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի Ոսկե մեդալով»:
Արդյունավետ աշխատանքի և համալսարանի հիմնադրման 90-ամյակի առթիվ ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը պատվոգրերով և հուշանվերեներով պարգևատրեց բուհի շուրջ տասն աշխատակիցների։
Ռեկտորի կողմից շնորհակալագրեր ստացան նաև այն ուսանողները, ովքեր կամավորական հիմունքներով ակտիվ մասնակցել են համալսարանի 90-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման կազմակերպչական աշխատանքներին։