«Մի քանի դիտարկումներ Ոդիսևսի արքետիպի վերաբերյալ» թեմայով զեկուցում ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանի «Պատմության և իրավագիտության ամբիոնի» դոցենտ, պատմ. գիտ. դոկտոր Հովհաննես Խորիկյանը ներկայացրեց զեկուցում` «Մի քանի դիտարկումներ Ոդիսևսի արքետիպի վերաբերյալ» թեմայով:

Բանախոսը նշեց, որ «Ոդիսական»-ի ուսումնասիրությունը պատմական, գրական, լեզվական, մշակութաբանական, նշանային և այլ առումներով անսպառ է նույնիսկ հազարամյակներ անց: Ժամանակակից աշխարհում մտահոգևոր խորը փոփոխությունները կամ դրանց կարիքը ստիպում են անտիկ ժառանգությունը նորովի ու պարբերաբար վերագնահատել: Այս տեսանկյունից սպառող հասարակությունը կարիք ունի նշանային ու խորհրդաբանական մեկնաբանությունների, որոնց աղբյուրը նաև Հոմերոսի մյուս անմահ ստեղծագործությունն է՝ «Ոդիսական»-ը:

Հ Խորիկյանի դիտարկմամբ՝ Ոդիսևսի կերպարում հին հունական համակեցությունն արդեն կարևորել է միտքը, մտածողությունը: Ապրուստի այլ ճանապարհներ փնտրող հույնի համար Ոդիսևսը հերոսի մի նոր տարատեսակ է, որը կատարում է սոցիալական հեղափոխություն: Այս նոր հերոսի համար ճակատագիրը մեկընդմիշտ տրված չէ, այն կարելի է փոխել ու վերափոխել: Ոդիսևսի՝ հունական նոր իդեալի ուղեկիցը դառնում է երջանիկ դիպվածն ու հաջողությունը, ինչի արտացոլումը ճակատագրի աստվածուհի Տյուխեն է, որի որոշ գործառույթներ վերագրելի են Աթենային:

Հանդիպումն ավարտվեց ակտիվ քննարկումով և հարցուպատասխանով։

« of 4 »