Իրազեկման հանդիպումներ ՇՊՀ-ի առաջին կուրսեցիների համար
Հոկտեմբերին 13-ին և 14-ին ՇՊՀ-ի նիստերի դահլիճում կազմակերպվել էր իրազեկման հանդիպում համալսարանի՝ Հասարակական գիտությունների, Բնագիտամաթեմատիկական, Հումանիտար գիտությունների ֆակուլտետների և Ռազմական ամբիոնի առաջին կուրսեցիների համար:
Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ՊԿ Ա. Վալեսյանը: Նա ապագա մասնագետներին հորդորեց լավ սովորել և խորացված ուսումնասիրել իրենց ընտրած մասնագիտությունը:
Ուսանողների իրավունքների, պարտականությունների, կրեդիտային համակարգի և բուհում գործող գնահատման կարգի առանձնահատկությունների մասին խոսեց Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի պետ Վ. Էլոյանը:
Նա հանգամանորեն բացատրեց նաև պետության կողմից տրամադրվող վարձավճարների փոխհատուցումների և ներբուհական զեղչային համակարգից օգտվելու ընթացակարգերը:
Ուսանողների աջակցության և պրակտիկայի կազմակերպման պատասխանատու Ի. Գալստյանն էլ ներկայացրեց ուսումնառության ընթացքում պրակտիկայի դերն ու նշանակությունը, ինչը շատ կարևոր է հետագայում աշխատաշուկա մուտք գործելու համար:
Երկօրյա հանդիպումների ընթացքում ուսանողները բարձրաձայնեցին իրենց հուզող բազմաթիվ հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:
Հանդիպումների ավարտին առաջին կուրսեցիների հետ իրազեկման աշխատանքներ իրականացրեցին նաև բուհի ուսխորհրդի ներկայացուցիչները՝ իրազեկելով գործունեության և խորհրդի կազմում ընդգրկվելու ընթացակարգը:
Առաջին կուրսեցիների հետ հանդիպումներն ամփոփվեցին ուսխորհրդի կողմից կազմակերպված խաղ-վիկտորինայով: Հաղթողներին շնորհվեցին մրցանակներ:
