Кафедра английского языка и литературы
Ամբիոնի պատմությունը
Օտար լեզուների դասավանդումն ինստիտուտում երկու տասնամյակից ավելի իրականացվում էր ռուսաց լեզվի հետ միևնույն ամբիոնում: 1966թ.-ին անգլերենի, ֆրանսերենի և գերմաներենի դասավանդումը կենտրոնացվեց նորաստեղծ օտար լեզուների ամբիոնում, որի հիմնադիր վարիչը եղավ դոցենտ Հակոբ Մեղրիկյանը, 1983թ.-ից` դոցենտ Թամարա Պիմենովան, 1990թ.-ից Սահականուշ Գրիգորյանը, որը 1996թ.-ից, երբ ամբիոնը վերանվանվեց անգլերեն և գերմաներեն լեզուների ամբիոն դարձավ վերջինիս վարիչը: 2003-ից ամբիոնը ղեկավարում է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Հովհաննիսյանը: Այս ամբիոնի և ինստիտուտում անգլերեն լեզվի ուսուցչի մասնագիտության կայացման մեջ մեծ է նաև այնպիսի երախտավորների վաստակը, ինչպիսիք են Նուբար Սաաթչյանը, Նադեժդա Պոզմանտիրը, Սվետլանա Ստեփանյանը, Ինեսա Ակոպովնան, Թամարա Մանասարյանը և ուրիշներ: Ներկայումս ամբիոնի կազմում կան 1 գիտդոկտոր, պրոֆեսոր, վեց գիտթեկնածու, երեք դոցենտ, դասախոսների մեծ մասը երիտասարդ ասպիրանտներ և հայցորդներ են: Գիտական հետաքրքրությունները բազմազան են` սկսած լեզուների տիպաբանական քննությունից մինչև գործաբանական իրազեկության, միջմշակութային հաղորդակցման և ճանաչողական լեզվաբանական հարցերը: Անգլերենի հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովներին իր գործուն մասնակցությամբ ամբիոնը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնել է իր համագործակցությունը եվրոպական (Անգլիա, Սերբիա, Սլովակիա, Ռումինիա, Իտալիա) և ամերիկյան մի քանի համալսարանների հետ: Անգլերենի երիտասարդ դասախոսներից շատերը և բազմաթիվ ուսանողներ հաջողությամբ ներգրավված են Եվրամիության տարբեր ուսումնական ծրագրերում: Այն ամուր կապերը, որ հաստատվել են Հայաստանում Բրիտանական խորհրդի, ԱՄՆ-ի դեսպանատան հետ, թույլ են տալիս ամբիոնին մշտապես թարմացնել իր ուսումնամեթոդական գրականության հարուստ ֆոնդն ու տեսադարանը: