Մահացել է լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը

62 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանը։

Յուրի Վարդանյանը ծնվել է 1956 թվականի հունիսի 13-ին Լենինականում։ 1970 թվականից իր հորղեղբոր` Սերգեյ Վարդանյանի ղեկավարությամբ Յուրի Վարդանյանը լրջորեն սկսում է զբաղվել ծանրամարտով։

1974-1980 թթ. – սովորել և ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետը՝ ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի որակավորմամբ։

1975-1976 թվականներին դարձել է աշխարհի և Եվրոպայի պատանեկան չեմպիոն 75 կգ քաշային կարգում։

1977 թվից ԽՍՀՄ ազգային հավաքականի անդամ էր։ 1977 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ 1977-1979, 1980-1981, 1983, 1985 թվականներին նա դարձել է աշխարհի չեմպիոն և գավաթակիր։ 1980 թվականին օլիմպիական չեմպիոն։ 1977-1978, 1980-1981, 1983 թվականներին Եվրոպայի չեմպիոն և գավաթակիր։ 1977, 1979, 1981 թվականներին ԽՍՀՄ չեմպիոն և 1976 թվականին գավաթակիր։ 1978-1981 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետը իր մարզական գործունեության շրջանում սահմանել է 43 աշխարհի ռեկորդ։

1980 թվականին միջին քաշում առաջինը, երկամարտի ցուցանիշը հասցրել է 400 կգ-ի։ 1980 թվականին Մոսկովյան օլիմպիադայում արժանացել է «ոսկե կիլոգրամներ» մրցանակին (անձնական քաշից առավելագույն ծանրություն հաղթահարելու համար)։ 1985 թվականին տարբեր մրցումներում նվաճել է 111 ոսկե մեդալ։ Հաջորդ տարիների ընթացքում Յուրի Վարդանյանը շարունակում էր մնալ իր քաշային կարգում անգերազանցելի։

1985 թվականին Յուրի Վարդանյանը հաղթեց աշխարհի առաջնությունը։ Նույն թվին նա ընտրվել է Հայկական ԽՍՀ-ի գերագույն խորհրդի անդամ և սկսել զբաղվել քաղաքական գործունեությամբ։

1991 թվականին մեկնել է ԱՄՆ, որտեղ էլ բնակություն է հաստատել։ Այնտեղ ակտիվ զբաղվել է մարզչական և հասարականան գործունեությամբ։ 2009 թվականին նշանակվել է Հայաստանի նախագահի խորհրդական։ 2013 թվականի մայիսի 8-ին ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։

2014 թվականի հունիսի 24-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Իր մարզական կյանքի ընթացքում Յուրի Վարդանյանը չորս տարի անընդմեջ՝ 1978-81 թվականներին ճանաչվել է աշխարհի լավագույն ծանրորդ և յոթ անգամ տեղ է զբաղեցրել Խորհրդային Միության տասը լավագույն մարզիկների ցուցակում։

Բոլոր ժամանակների մեծագույն հայ ծանրորդը ողջ հայ ժողովրդի ու մասնավորապես Շիրակ աշխարհի պարծանքն է։ Շիրակի պետական համալսարանի հանրույթը ցավակցում է բուհի աշխարհահռչակ շրջանավարտի ընտանիքին ու հարազատներին։