ՇՊՀ-ն մասնակցեց Յուրի Վարդանյանի հրաժեշտի արարողությանը

Գյումրիի Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում տեղի ունեցավ լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի քաղաքացիական հրաժեշտը։

Շիրակի մայր բուհի աշխարհահռչակ շրջանավարտին ի թիվս հարյուրավոր գյումրեցիների ու շիրակցիների, հրաժեշտ տվեցին նաև համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները։

ՇՊՀ-ի դասախոսներն ու ուսանողները պատվո պահակ կանգնեցին՝ հարգանքի տուրք մատուցելով ու ոգեկոչելով անվանի ծանրորդի հիշատակը։

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի յոթակի, Եվրոպայի հնգակի և Խորհրդային Միության քառակի չեմպիոն Յուրի Վարդանյանը կյանքից հեռացել էր 62 տարեկան հասակում, նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ում։

43 համաշխարհային ռեկորդների հեղինակը 1974-1980 թթ.-ին սովորել և ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ֆակուլտետը։