ՇՊՀ-ում անցկացվեց «Բաց դռների օր» միջոցառումը

ՇՊՀ-ում այսօր բաց դռների օր էր Գյումրու դպրոցների բարձր դասարանցիների՝ ապագա դիմորդների համար։

Գյումրու ավագ դպրոցների աշակերտները 2022-23 ուստարվա բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման ընդունելության մեկնարկին հնարավորություն ունեցան ծանոթանալ գործընթացի մանրամասներին։

Ավագ դպրոցականներին ու նրանց ուսուցիչներին ողջունեցին ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը և ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի ՊԿ Նազելի Ավետիսյանը՝ կարևորելով իրազեկող միջոցառման անցկացումն ու աշակերտներին առաջիկա քննական շրջանում հաջողություն մաղթելով։

2022-23 ուսումնական տարվա ընդունելությունը մեկնարկեց այսօր՝ ապրիլի 15-ին և կշարունակվի մինչև մայիսի 10-ը։ Գործընթացի մեկնարկին ՇՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Գևորգ Ասատրյանը աշակերտներին ներկայացրեց նոր կարգը, ընդունելության դիմում-հայտերը գրանցելու ժամկետները ու հարթակը, ծանոթացրեց ՇՊՀ-ի մասնագիտություններին ու քննությունների ցանկին։

Միջոցառման մասնակիցները տեղեկություններ ստացան նաև պետական ու ներբուհական զեղչերի, կրթաթոշակների ու աջակցության այլ հնարավորությունների մասին։

Միջոցառման ավարտին աշակերտները շրջայց կատարեցին համալսարանում, եղան ընթերցասրահում, սպորտային դահլիճներում և ֆակուլտետներում։ Մասնագիտական ամբիոններում աշակերտները զրուցեցին դասախոսների հետ, ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները և համալսարանից հեռացան՝ արդեն ուսանողի կարգավիճակով վերադառնալու մտադրությամբ։