Հայտարարություն

Հարգելի Ուսանողներ,
Ցանկանում ենք տեղեկացնել ՎիվաՍել-ՄՏՍ-ում «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագրի մասին, որի մեկնարկը կտրվի ս. թ. փետրվարի 15-ին: Ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների վաճառքի և սպասարկման հմտությունները՝ հնարավորություն ընձեռելով ոչ միայն տեսական, այլ նաև կիրառական մակարդակով յուրացնելու կարևոր հմտություններ: Ծրագրի ընթացքում հնարավորություն կունենաք կիրառել Ձեր գիտելիքները վաճառքի, միջանձնային հաղորդակցման ուղղությամբ, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ հեռահաղորդակցության, հաճախորդների սպասարկման և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում:
Ծրագիրը ներառելու է եռօրյա դասընթաց, այնուհետև պրակտիկա /առնվազն կես օրվա ներգրավվածությամբ/ անցնելու հնարավորություն Երևան քաղաքի և ՀՀ որոշ մարզերի ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում մինչև ս. թ. ապրիլի 30-ը: Ծրագրի ավարտին կտրվեն հավաստագրեր, լավագույն ուսանողները կարժանանան անհատական խրախուսումների, ինչպես նաև բարձր կատարողական ցուցաբերած ուսանողները կընդգրկվեն ընկերության տվյալների բազայում՝ հետագայում թափուր պաշտոններ զբաղեցնելու նպատակով:
Ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ որակավորումները.
1. Բարձր առաջադիմություն, տեխնիկական կամ բնագիտական մասնագիտացում, օտար լեզուների իմացություն,
2. Հաղորդակցման գերազանց հմտություններ,
3. Դրական մոտեցում/էնտուզիազմ,
4. Տեղեկատվությունն արագ ընկալելու և ներկայացնելու կարողություն,
5. Քաղաքավարության կանոնների/էթիկայի նորմերի պահպանում:
Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել CV/ինքնակենսագրական և մոտիվացիոն գրություն, որի մեջ պետք է նշվի, թե ինչու եք ցանկանում մասնակցել տվյալ ծրագրին, ինչ սպասելիքներ ունեք ծրագրից և ինչու պետք է Ձեզ ընտրենք: Պարտադիր է նշել նաև Ձեր բնակության վայրը և նախընտրած մարզի 2-3 համայնք, որտեղ կարող եք մասնակցել մեր ծրագրին:
Իրականացվելու է ուսանողների ընտրության գործընթաց` ըստ վերը նշված պահանջների: Ծրագրին կարող են դիմել ԲՈՒՀ-ի 3-րդ և 4-րդ, ինչպես նաև մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսում սովորող ուսանողները:
Խնդրում ենք մինչև ս.թ. հունվարի 21-ը Ձեր դիմումներն ուղարկել VivaStart@mts.am էլեկտրոնային հասցեին` կից ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը: Դուք կարող եք դիմել նաև www.mts.am և www.staff.am կայքերով:
Շնորհակալություն հետաքրքրության համար: