ՇՊՀ ՔՈԼԵՋԻ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ՇՊՀ քոլեջի տարեգրության առաջին էջը գրվել է 1924թվականին, երբ Գյումրու Արղության օրիորդաց յոթնամյա դպրոցի բազայի վրա հիմնադրվեց մանկավարժական տեխնիկումը: Աշխատանքներին մասնակցություն են ունեցել հեղկոմի նախագահ Ս. Կասյանը, Ա. Մռավյանը, լուսժողկոմ Ա. Հովհաննիսյանը, քաղաքի ժողկրթբաժվար Հ. Կարախանյանը: Անդրանիկ ուստարում ընդունվել են IV-V դասարանների կրթություն ունեցող 20-22 ամյա երիտասարդներ: Ավելի ուշ ընդունելությունը կատարվել է թերի միջնակարգ կրթության բազայի վրա: Սկզբում 60 սովորողներ էին և մեկ դպրոցական բաժին:

Առաջին տնօրենը եղել է Սարգիս Խաչատրյանը: Ունենալով հիմնական մասնագիտական կրթություն, կազմակերպչական լուրջ կարողություններ` վերջինս գերազանց է կատարել մանկավարժի և տնօրենի իր պարտականությունները: Հրապարակի վրա եղած ուսումնական ծրագրերը նա հմտորեն խմբագրել, ամբողջացրել, հոգացել է դասագրքերի, հաստատությունը որակյալ մանկավարժներով համալրելու, նյութական բազա ստեղծելու մասին:

Առաջին շրջանավարտները` 50 մանկավարժներ, տեխնիկումն ավարտել են 1928-1929 ուստարում: 19–րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին հայ լուսավորիչ-մանկավարժների ավանդույթները որդեգրած մի նոր սերունդ ճեմեց ուսանողական լսարաններում: Նշանավոր ժուռնալիստ-մանկավարժ Հովհաննես Տեր–Ստեփանյան, Կարապետ Դուրգարյան, մարդիկ, ովքեր ուսումնառել էին արտասահմանում` Մոսկվայում, Լենինգրադում, գիտակ էին ու բազմահմուտ, սիրով ձեռնամուխ են եղել իրենց հոգու գանձերը ուսման ծարավ պատանիների ու աղջիկների սեփականությունը դարձնելուն:

Ուսումնական հաստատությունը ճանապարհ ընկավ: Նրա շրջանավարտներից էին` Հովհաննես Բաղդասարյանը, Ալեքսան Կիրակոսյանը, Հովհաննես Շիրազը, Լյուդվիգ Միքայելյանը, Աղավնին, Արշալույս Սարոյանը, Սենեքերիմ Սիմոնյանը, Վախթանգ Աբրահամյանը, Վաղինակ Ղալթանջյանը, Հակոբ Մսրյանը, Սոկրատ Վարդանյանը, Դուխիկ Շամցյանը, Բաբկեն Մառանջյանը, Ա.Դավթյանը:

1930-1931 ուստարում տեխնիկումում սկսել է գործել նախադպրոցական նոր բաժին: Այդ գործում իր ավանդն է ունեցել Հովհաննես Տեր-Միրաքյանը:

1941-1942 ուստարում միացան հայկական և ռուսական մանկավարժական ուսումնարանները` դիրեկտոր Իլյա Միխտիլիդենի ղեկավարությամբ: Ռուսական բաժինը մեծ ավանդ ներդրեց ռուսաց լեզվի դասատուներ պատրաստելու գործում մինչև 1959 թվականը: Այդ տարիների շրջանավարտներից են` Վ. Հայրապետյանը, բարձրագույն դպրոցի դասախոսներ Լյուդմիլա Սերովան, Մարիա Լևվինցովան, Վալենտինա Գրիգորյանը, Վալենտինա Ռյազանցևան և ուրիշներ:

1957-1958 թթ. ուսումնարանը ձեռք է բերել երաժշտական թեքում, պատրաստել երգ-երաժշտության մասնագետներ դպրոցի համար: Տարեցտարի հարստացավ ուսումնարանը` պատրաստելով գծագրության, աշխատանքի ուսուցման, տնարարության դասատուներ:

Ուսումնարանում գործել են դպրոցական, նախադպրոցական, բանսիրական, ռուսական, 8-ամյա դպրոցական և նախադպրոցական, ինչպես նաև հեռակա բաժիններ: Այստեղ դասավանդել են 44 մանկավարժներ շուրջ 15–ամյա աշխատանքային ստաժով : Ուսումնարանի լավագույն ավանդույթներն արժանիորեն շարունակել են Զավեն Ալեքսանյանը, Գևորգ Հարությունյանը, Վիկտորյա Խալաթյանը, Հրանուշ Կարապետյանը, Ջեմմա Եղշատյանը, Օլգա Պողոսյանը, Սվետլաննա Քուշքյանը, Լյուդմիա Հակոբյանը:

1988 թ. աղետալի երկրաշարժը դառը իրողության առջև կանգնեցրեց նաև երկարամյա պատմություն կերտած կրթօջախին: Փլված ուսումնարանի շենք: Անվերադարձ կորուստներ: Հանրակացարանի շենքը  տրամադրվեց ուսումնական նպատակով: Վիթխարի աշխատանք, հարմարեցվող դասարաններ, կահավորվում էին նոր լոբորոտորիա-կաբինետներ: Ուսումնարանը վերականգման ռիթմ էր ապրում, ստանում երկրորդ շնչառություն:
Քաղաքի հասարակական և մտավոր կյանքում նշանակալից դեմքեր են եղել
ուսումնարանի դիրեկտորներ Սարգիս Խաչատրյանը, Վաղինակ Ստեփանյանը,
Անդրանիկ Սավոյանը, Ալավերդի Ֆայրոյանը, Հովհաննես Դավթյանը, Աղունիկ
Հարությունյանը, Ռաֆիկ Մելիքյանը, Ռաֆիկ Սաֆարյանը:

1994 թ-ին մանկավարժական քոլեջը մեծ շուքով նշեց իր 70 –ամյա հոբելյանը:

Քոլեջի առօրյան հագեցված էր բազմաբովանդակ միջոցառումներով: Մասնակցելով քաղաքային և հանրապետական տարբեր հանդիսություններին, ուսանողական փառատոներին`  մշտապես արժանացել է բարձր գնահատականի:

2009 թվականին քոլեջը հանդիսավոր նշեց  իր 85 –ամյա հոբելյանը:

2011-2012 ուստարում մանկավարժական քոլեջը միավորվեց ԳՊՄԻ-ին` դառնալով բուհի ստորաբաժանումներից մեկը` Միջին մասնագիտական կրթության բաժին անվանումով (բաժնի վարիչ՝ Ա. Սաֆարյան):

2009 թվականին մ/մ բաժնում ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից ներդրվում է մոդուլային ուսուցման համակարգը, որը մշակվել էր մասնագիտական կրթության միջազգային չափորոշիչներին համապատասխան`ապագա մասնագետին հնարավորինս կարողունակ ու մրցունակ դարձնելու նպատակով: ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնը կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ` ընդգրկելով բոլոր դասախոսներին: Միջազգային «INVENT» կազմակերպության ծրագրերով վերապատրաստվում են մ/մ բաժնի  դասախոսներ  Կ.  Այվազյանը,  Հ.  Նորիկյանը, Ա. Սաֆարյանը, Ռ.Սաֆարյանը:

2012-2013 ուստարում մ/մ  բաժնի  վարիչ  է  նշանակվում  Կարինե Այվազյանը: Նույն ոսումնական տարում բաժինն ընդունելություն չի կազմակերպում:

2013-2014 ուստարում մ/մ բաժինը վերսկսում է իր ընդունելությունը հետևյալ կրթական ծրագրերով.

  • Թարգմանություն- արխիվավարություն
  • Թարգմանություն-մաքսավարություն
  • Թարգմանություն- գործավարություն
  • Շուկայաբանություն ըստ ճյուղերի
  • Զբոսաշրջություն
  • Սոցիալական աշխատանք
  • Նախադպրոցական կրթություն:

Շնորհիվ վերոնշյալ մասնագիտությունների`մ/մ բաժինը ծաղկման նոր փուլ է մտնում:

2004 – 2005 ուստարում վերաբացվում է մ/մ հեռակա ուսուցման բաժինը` կազմակերպելով ընդունելություն նախադպրոցական կրթություն և սոցիալական աշխատանք մասնագիտություններով:

2017-2018 ուստարում մ/մ բաժինը ՇՊՀ-ի (նախկին ԳՊՄ) անմիջական աջակցությամբ նախկին` Վ. Սարգսյան հասցեում տեղակայված շինությունից տեղափոխվում է նոր` առավել բարեկարգ ու կրթության որակի բարձրացմանը նպաստող շինություն: Շենքում գործում են մեկ լաբորատորիա, համակարգչային լսարան, մասնագիտական կաբինետներ ու լսարաններ, որոնք հնարավորություն են ընձեռում ուսումնական ծրագրերն իրականացնել բավարար մակարդակով:

2017 թվականից մ/մ բաժինը ձեռք է բերում նոր անվանում` ՇՊՀ քոլեջ: Այսօր քոլեջի առկա և հեռակա ուսուցման համակարգերում սովորում է 208 ուսանող:

ՇՊՀ քոլեջը վստահ առաջ է քայլում` որդեգրած հատուկ առաքելությամբ, այն է` մարդկային հավերժական արժեքները փոխանցել սերունդներին և չարչարանքների մայրուղում ուսումը դարձնել հետաքրքիր: