Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օր ՇՊՀ-ում

Հոկտեմբերի 31-ին Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը, Հայաստանում «Erasmus+ Youth. տեղեկատվական կենտրոն»-ի հետ Գյումրիում բուհերի աշխատակիցների և ուսանողների մասնակցությամբ Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օրն անցկացրեցին Շիրակի պետական համալսարանում։

Հյուրերին ողջունեց ու հաջող աշխատանքային ընթացք մաղթեց  ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը:

Տեղեկատվական հանդիպումը նպատակն ուներ ներկայացնել Էրազմուս+ ծրագրի նորություններն ու առաջիկա մրցույթները, քննարկել  բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման, կրեդիտային շարժունության և համատեղ մագիստրոսական ծրագրերի մանրամասները։

Էրազմուս+ ծրագրի առաքելությունը,  ծրագրի հնարավորությունները բարձրագույն կրթության ոլորտում, կարողությունների զարգացման  հնարավորությունները՝ բուհերի աշխատակիցների համար ներկայացրեց ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան:

Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի արդյունավետ մշակման, մասնավորապես ծրագրի փուլերի, մեթոդաբանության, պլանավորման ու ընթացիկ խնդիրների մասին Հայաստանում ֆրանսիական համալսարանի փորձը ներկայացրեց պրոռեկտոր Արայիկ Նավոյանը:

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն և Էրազմուս+ բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Ռուբեն Թոփչյանը  Շիրակի մայր բուհի և Գյումրու մյուս բուհերի աշխատակիցների հետ կիսվեց հաջողությամբ կարողությունների զարգացման ծրագրեր իրականացնելու մեթոդներով ու տեխնիկաներով:

Միջազգային կրեդիտային շարժունությամբ ուսանողները կարող են փոխանակվել կրթական բոլոր մակարդակներում, ուսման տևողությունը կարող է լինել 3-12 ամիս: 2018 թվականից եվրապական հանձնաժողովը հասանելի է դարձրել նաև պրակտիկայի հնարավորությունը հայսատանյան բուհերի ուսանողների համար, որի տևողությունը կարող է լինել 2-12 ամիս: Բուհերի աշխատակիցներն էլ հնարվորությւոն ունեն վերապատարստվելու կամ դասավանդելու իրենց ոլորտում՝ 5 օրից մինչև 2 ամիս ժամկետով:

Բուհերի աշխատակիցների համար ներկայացվեցին նաև Ժան Մոնե գործողությունները, որոնք ուղղված են խթանելու դասավանդումն ու հետազոտությունը Եվրոպական միության ուսումնասիրությունների ոլորտում: Ուսանողներին էլ ներկայացվեց Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս  ամբողջական կրթաթոշակ ստանալ և շարունակել ուսումը Էրազմուս+ ծրագրային և գործընկեր երկրների համալսարաններում:

Շիրակի մայր բուհում արտաքին համագործակցության աշխատանքները սկսվել են դեռ 1995 թվականից, իրականացվել են փոխանակումներ մի շարք ծրագրերի շրջանակներում, իսկ 2005 թվականին բուհում հիմնվել է արտաքին կապերի և բարեփոխումների բաժինը, որը համակարգել է միջազգային ծրագրերի իրականացումը:

Շիրակի պետական համալսարանից միջազգային շարժունության մասնակցած դասախոսներն ու ուսանողները ևս հնարավորություն ունեցան կիսվելու իրենց փորձով:
Շիրակի մայր բուհի թարգմանչական բաժնի ուսանողուհի Սյուզաննա Պետրոսյանը 2-րդ կուրսի 2-րդ կիսամյակում սովորել է Ռումինիայի Ալեքսանդրու Յոհան Կուզայի անվան համալսարանում:

«Կյանքը Էրազմուսից հետո այլևս նույնը չէ»,- ասում է Սյուզաննան ու խորհուրդ տալիս համալսարանական իր ընկերներին՝ փոխանակման ծրագրերին մասնակցելու առիթը բաց չթողնել:

2017 թվականից Եվրամիության երիտասարդական հանձնաժողովի որոշմամբ «Էրազմուս+ Youth. տեղեկատվական կենտրոնի» աշխատանքները Հայաստանում  համակարգում է Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը, որի նախագահ, Շիրակի մայր բուհի շրջանավարտ Արթուր Նաջարյանը ներկայացրեց կենտրոնի առաքելությունը, երիտասարդներին, պետական և հասարակական կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին ընձեռվող կրթական, վերապատրաստման, փորձի փոխանակման և պրակտիկայի հնարավորությունները:

Մի քանի ժամ տևած տեղեկատվական հանդիպումն ավարտվեց հարցուպատասխանով և ակնկալիքով, որ առաջիկայում միջազգային շարուժունության ծրագերին ընդգրկված կլինեն առավել մեծ թվով ուսանողներ, դասախոսներ և վարչական աշխատակիցներ:

 

Լուսանկարները՝  Erasmus+ Youth. Տեղեկատվական կենտրոն Հայաստանում