DEPARTMENT OF MATHEMATICS AND NATURAL SCIENCES

2016թ.-ին «Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորման արդյունքում համալսարանում ձևավորվեցին նոր ֆակուլտետներ, որոնցից մեկը Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետն է: Վերջինս ձևավորվեց նախկին երկու ֆակուլտետների՝ Ֆիզիկամաթեմատիկական և տնտեսագիտության ու Բնագիտաաշխարհագրական, միավորման արդյունքում:

Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի հիմնադիր դեկանն է Գագիկ Գրիգորյանը, այնուհետև տարբեր տարիների ֆակուլտետը ղեկավարել են Հրանտ Ղուկասյանը, Մարտին Տարախչյանը, Պողոս Մկոյանը, Հակոբ Թոռունյանը, Մկրտիչ Մարգարյանը:

Բնագիտաաշխարհագրական ֆակուլտետի հիմնադիր դեկանն է Սամվել Ալեքսանյանը, այնուհետև տարբեր տարիների ֆակուլտետը ղեկավարել են Սամվել Սիմոնյանը, Անահիտ Գրիգորյանը:

Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետում գործում են երեք մասնագիտական ամբիոններ.

  • Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոն ամբիոնի վարիչ Վարդան Մանուկյան
  • Աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի ամբիոն

ամբիոնի վարիչ Լևոն Մարտիրոսյան

  • Գործարարության և վարչարարության ամբիոն

ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյան

Ամբիոններում իրականացվում են գիտական հետազոտություններ հետևյալ ուղղություններով.

  1. Վերջավոր էլեմենտների մեթոդի զարգացումը և կիրարկումը միկրոպոլյար առաձգական բարակ ձողերի, սալերի և թաղանթների տեսությունների եզրային խնդիրների թվային լուծումների կառուցման համար

Թեման ղեկավարվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Սարգսյանի կողմից։ Թեմայի շրջանակներում գործունեություն են ծավալել ամբիոնի չորս աշխատակիցներ, այդ թվում՝ ասպիրանտներ։ Թեման իրականացվել է 2015-2017 թվականների ընթացքում։

  1. Բյուրեղային նյութերում կառուցվածքային արատների հայտնաբերման նոր ռենտգենադիֆրակցիոն մեթոդների և տեխնիկական միջոցների մշակումը

Թեման ղեկավարվել է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Դրմեյանի կողմից։ Թեմայի շրջանակներում գործունեություն են ծավալել ամբիոնի մեկ աշխատակից և համալսարանի մեկ ուսանող։ Թեման իրականացվել է 2015-2017 թվականների ընթացքում:

  1. Ամորֆ-բյուրեղային կառուցվածքով պոլիմերային նյութերի կոնտինուալ դինամիկական մոդելի մշակումը բարձր հաճախականությամբ գրգռումների դեպքում

Թեման ղեկավարվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Սարգսյանի կողմից, որի  շրջանակներում գործունեություն են ծավալել ամբիոնի երեք աշխատակիցներ։ Թեման իրականացվել է 2015-2017 թվականների ընթացքում։

  1. «Նանո և միկրո տեխնիկայի նյութերի և կառուցվածքների մեխանիկայի պրոբլեմային լաբորատորիայի պահպանման և զարգացման» ծրագիր

Ծրագիրը ղեկավարվում է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Սարգսյանի կողմից, որի շրջանակներում գործունեություն են ծավալում ամբիոնի երկու աշխատակիցներ։ Ծրագիրն իրականացվել է 2016 և 2017 թվականներին և շարունակվում է 2018 թվականին։

Աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի ամբիոնի վարիչ Լևոն Մարտիրոսյանի ղեկավարությամբ իրականացվել են բազմաթիվ գիտահետազոտական ծրագրեր.

  • Գյուղատնտեսության աշխարհագրություն – «Եվրասիա» հիմնադրամ: Հրատարակվել է «Շիրակի մարզի գյուղատնտեսության աշխարհագրություն» մենագրությունը:
  • Ախուրյանի ջրամբար – Շվեյցարական «Հեքս-Էփերս» ընկերություն: Հետազոտության արդյունքները հրատարակվել են առանձին գրքով:
  • Ջաջուռի լեռնանցք – ՀՀ Երիտասարդական հիմնադրամ և «Գեոֆոն» գիտահետազոտական հասարակական բնապահպանական կազմակերպություն: Հրատարակվել է «Ջաջուռի լեռնանցք» զբոսաշրջային ուղեցույցը (2015թ.):

Ամբիոնի աշխատակիցների կողմից զգալի աշխատանք է տարվել ռեկրեացիոն և զբոսաշրջային ռեսուրսների գնահատման ուղղությամբ: Լ. Մարտիրոսյանի ղեկավարությամբ իրականացվել են հետազոտական, դաշտային աշխատանքներ, ինչպես նաև չափագրումներ ռեկրեացիոն-զբոսաշրջային ռեսուրսների գնահատման և դասակարգման նպատակով: Հետազոտության արդյունքում հրատարակվել է «Ռեկրեացիոն աշխարհագրություն» մենագրությունը (2014թ.):

Աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի ամբիոնի դասախոս Նելլի Ադամյանի ղեկավարությամբ ՇՊՀ աշխատակիցների համար իրականացվել է կրթական բարեփոխումների պահանջների ուսուցման երկշաբաթյա դասընթաց: Ն. Ադամյանը մշակել է կենսաբանության դասավանդման մեթոդիկայի նորացված ծրագիրը՝ կրթական բարեփոխումների բոլոր պահանջների ներառումով: ՇՊՀ գիտական խորհրդի երաշխավորությամբ տպագրվել է «Կրթական բարեփոխումների առաջադրած մանկավարժա-մեթոդական կարիքների ուղեցույց» ուսումնական ձեռնարկը: 2016թ.-ին Ն. Ադամյանը հրատարակել է «Քերոլի հեքիաթների խորհուրդները» աշխատությունը՝ նվիրված հեքիաթում ամփոփված հեղինակի կենսափիլիսոփայության վերլուծությանը, հեղինակ է դասավանդման մեթոդիկայի նորացման, ինտեգրված ուսուցման, գեղարվեստական ստեղծագործությունների միջոցով բնագիտության ուսուցման օժանդակմանը նվիրված տասնյակ աշխատանքների: Ամբիոնի պրոֆեսոր Սամվել Ալեքսանյանը զբաղվել ու շարունակում է կատարել հետազոտություններ «Արյան օքսիդատիվ վնասման առանձնահատկությունները որոշ նորագոյացությունների ժամանակ» թեմայով:

Աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի ամբիոնը համագործակցում է ԵՊՀ-ի կենդանաբանության, մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնների, ԳԱԱ-ի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Բուսաբանության ինստիտուտի հետ, ինչպես նաև Շիրակի մարզի սելեկցիոն կայանի, հակահամաճարակային և հիգիենիկ կայանի, Ածուրյանի շաքարի գործարանի հետ:

1991թ.-ից բուհում գործել է քաղաքագիտության և տնտեսագիտության ամբիոնը, որի  հիմնադիր վարիչն է Սերգեյ Բիչախչյանը: Հետագայում իբրև վարիչներ պաշտոնավարել են Ուրաշիմա Աթյանը, Յուղաբեր Յափունջյանը, Թամարա Սիմոնյանը: 2013թ.-ին  քաղաքագիտության և տնտեսագիտության համաինստիտուտային ամբիոնի հիմքի վրա ձևավորվեց տնտեսագիտության մասնագիտական ամբիոնը: 2017թվականից ՇՊՀ-ի կառուցվածքային փոփոխությունների հիման վրա ամբիոնը վերանվանվեց «Գործարարության և վարչարարության» ամբիոն

Ամբիոնի առաքելությունը տնտեսագիտության, մենեջմենթի, գործարարության գիտելիքների տարածումն է և տնտեսության տարբեր ոլորտներում ֆունկցիոնալ, կազմակերպական և սոցիալ-աշխատանքային գործընթացներն արդյունավետ կառավարելու ունակ մենեջերների պատրաստումը:

Ամբիոնում աշխատում են  ինչպես բազմամյա փորձ ունեցող վաստակաշատ մասնագետներ, այնպես էլ երիտասարդ  դասախոսներ: Ամբիոնի դասախոսները գիտական հոդվածների, մենագրությունների և բուհական ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակներ են, արտերկրում (ԱՄՆ, ՌԴ) և հանրապետությունում գումարվող գիտաժողովների մասնակիցներ: Ամբիոնը համագործակցում է Մոսկվայի պետական տեխնիկական և Արմավիրի պետական մանկավարժական համալսարանների հետ:

Ամբիոնի դասախոսների մասնակցությամբ իրականացվել են մի շարք միջազգային ծրագրեր («Եվրասիա» հիմնադրամի ֆինանսավորմամբ` «Քաղաքացիական կրթություն», «Կիրառական տնտեսագիտություն» ուսումնական ծրագրերը, ԱՄՆ-ի տնտեսագիտական կրթության ազգային խորհրդի (NCEE) ֆինանսավորմամբ` տնտեսագիտության դասավանդման հիմնախնդիրներին նվիրված միջազգային ծրագրերը, Tempus-ի ֆինանսավորմամբ «Կայուն տուրիզմի մենեջմենթ (SuToMa)» և այլն):

Ամբիոնի դասախոսների գիտական հետաքրքրությունների շրջանակներում շուկայական տնտեսական հարաբերությունների հաստատման և սոցիալական, իրավական պետության կայացման հիմնահարցերն են, ռազմավարական կառավարման և ռիսկերի կառավարման հիմնահարցերի ուսումնասիրումը, ինովացիոն գիտաարտադրական կլաստերի ձևավորման հարցերի հետազոտությունը:

Գործարարության և վարչարարության ամբիոնը բացի ուսումնակրթական նպատակներից խնդիր է դնում նաև ուսանողների մոտ զարգացնել ստեղծարար մտածողությունը և բարձրացնել նրանց մոտ մեր իրականության տնտեսական և այլ հիմնախնդիրների նկատմամբ ուշադրությունն ու հոգածությունը:

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնն ուսումնական գործընթացի լիարժեք կազմակերպման համար ունի ուսումնական հինգ լաբորատորիաներ, որոնք հագեցված են անհրաժեշտ սարքավորումներով: Ամբիոնում գործում է նաև ռենտգենյան հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիան, որի աշխատանքները ղեկավարում է պրոֆեսոր Հ. Դրմեյանը: Նրա գիտական հետազոտությունների բնագավառը պինդ մարմնի և կիսահաղորդիչների ֆիզիկան է, մասնավորապես կիսահաղորդչային միկրո- և նանոկառուցվածքների էլեկտրական և օպտիկական հատկությունների, նյութի կառուցվածքային անկատարելիությունների ռենտգենաինտերֆերաչափական ուսումնասիրությունը: Նշված ուղղությամբ Հ.Դրմեյանը իրականացնում է գիտահետազոտական աշխատանք «Բյուրեղական նյութերի կառուցվածքային անկատարելիությունների հայտնաբերման ռենտգենադիֆրակցիոն և ռենտգենաինտերֆերաչափական նոր մեթոդների տեսական և փորձարարական հիմունքների մշակումը» թեմայով:

Ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ Սամվել Սարգսյանը ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի գիտական խորհրդի, ՀՀ ԳԱԱ «Մեխանիկա» հանդեսի խմբագրական կոլեգիայի, ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում գործող Մեխանիկայի 047 մասնագիտական խորհրդի անդամ է, հանդիսանում է (МАИ-ՄԱԻ) կողմից ամենամյա կազմակերպվող  «Динамические и технологические проблемы механики конструкций и сплошных сред» միջազգային սիմպոզիումի ծրագրային կոմիտեի անդամ, Բելառուսի ԳԱԱ ակուստիկայի ինստիտուտի կողմից ամենամյա կազմակերպվող և հրատարակվող «Перспективные материалы и технологии» Միջազգային սիմպոզիումի ծրագրային և կոլեկտիվ մենագրության հեղինակային կոմիտեի անդամ: Ս.Սարգսյանը Հայ-Ռուսական համագործակցության գիտական թեմաների համատեղ իրականացման ղեկավարն է.

  • «Ասիմետրիկ շերտավոր ամրավորում պարունակող պոլիմերային նանոկոմպոզիտների առաձգական հատկությունների մոդելավորումը»-2018-2020թթ. Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ:
  • Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Մեքենագիտության ինստիտուտի /Ս.Պետերբուրգ/, Ս. Պետերբուրգի պետական համալսարանի, Ս. Պետերբուրգի Պետրոս Մեծի անվան պոլիտեխնիկական համալսարանի կողմից համատեղ կազմակերպվող Միջազգային գիտական դպրոցի գիտական կոմիտեի անդամ:
  • Co-editor of the special issue of the journal “Materials Physics and Mechanics” 2017 in memory of Eron L. Aero and Gerard A. Maugin (Peter the Great Petersburg Polytechnic University).
  • Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի Ակուստիկայի ինստիտուտ:
  • Արտասահմանյան հետևյալ գիտական կազմակերպությունների անդամ:
  • International Association of Applied Mathematics and Mechanics» (GAMM) գիտական կազմակերպության անդամ:
  • «EuroMech» գիտական կազմակերպության անդամ:
  • Член национального комитета Теоретической и прикладной механики Российской федерации.

Ամբիոնը համագործակցում է նաև Երևանի պետական համալսարանի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի «Մեխանիկա» ամբիոնի և Ազգային ճարտարագիտական համալսարանի նյութագիտության ամբիոնի հետ:

Ամբիոնի պրոֆեսոր Հ.Դրմեյանը 2006թ.-ից §Crystallography» միջազգային միության անդամ է, 2006թ. ԱՄՆ-ի Նյու-Ջերսի նահանգի Նյու Պրովիդենս (NJ, New Providence) Ամերիկայի առաջատար հրատարակչության խորհրդի կողմից արժանացել է §Ով ով է աշխարհում» (Whos Who in the World) մրցանակաբաշխությանը, որպես նեղ մասնագիտական ոլորտում լուրջ հաջողությունների հասած գիտնական: 2007 թ.-ին Անգլիայի Քեմբրիջի համալսարանի Միջազգային Կենսագրական Կենտրոնի (International Biographical Centre Cambridge, England) խորհրդի կողմից կարևոր գիտական նվաճումների համար նրան շնորհվել է «21-րդ դարի 2000 ականավոր ինտելեկտուալներ», իսկ 2008թ.-ին §100 լավագույն գիտնականներ-2008» (Top 100 Scientists) կոչումները: 2008 թ.-ից ՀՊՃՀ-ին կից գործող 031 մասնագիտական խորհրդի անդամ է: 2009թ.-ին կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար պարգևատրվել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե մեդալով: 2014թ.-ին կրթության ոլորտում ներդրած մեծ ավանդի և բեղմնավոր գիտամանկավարժական գործունեության համար պարգևատրվել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահի Շնորհակալագրով:

Ներբուհական դրամաշնորհի մրցույթի արդյունքում ներկայացվել են ֆինանսավորման հետևյալ աշխատանքները.

ԱՄԲԻՈՆ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐ ԹԵՄԱ
1. Մաթեմատիկա, ֆիզիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ 1.Սերոբյան Երվանդ /ղեկ./

2.Մանուկյան Վարդան

3.Սուլթանյան Խաչատուր

4.Խալիֆյան Լիլիթ /ֆիզ. մագ. 1-ին կուրս/

Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ֆիզիկայի խնդիրների լուծման ներկայացումը շարժուն տեսապատկերներով
2. Աշխարհագրություն, կենսաբանություն և քիմիա 1.Մարտիրոսյան Լևոն /ղեկ./

2.Սարգսյան Ռուդոլֆ

3.Գրիգորյան Անահիտ

4.Հարությունյան Քաջիկ /աշխարհ. 4-րդ կուրս/

Հայաստանի Հանրապետության հյուսիսային մարզերի (Շիրակ, Լոռի, Տավուշ)

բնական պայմանների ռեկրեացիոն գնահատումը

3. Աշխարհագրություն, կենսաբանություն և քիմիա 1.Ադամյան Նելլի /ղեկ./

2.Ավագյան Կարինե

3.Ամազարյան Աիդա

4.Միքայելյան Հռիփսիմե /կենս. 3-րդ կուրս/

Բնագիտական  առարկաների «Դասավանդման                                     մեթոդիկա» դասընթացների ծրագրերի բարելավում` «Ինտեգրված թեմատիկ միավորներ» թեմայի ներառումով

Ֆակուլտետն իրականացնում է մասնագիտական կրթական ծրագրեր հետևյալ ուղղություններով.

  • Բակալավրի կրթական ծրագիր, առկա ուսուցում – 13 մասնագիտություններով
Մաթեմատիկա
Ֆիզիկա
Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
Ինֆորմատիկա /տեղեկաբանություն/
Կառավարում
Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Հաշվապահական հաշվառում և հարկում
Աշխարհագրություն
Կենսաբանություն
Դեղագործական քիմիա
Քիմիա
Քարտեզագրություն և կադաստրային գործ
Շուկայագիտություն
  • Բակալավրի կրթական ծրագիր, հեռակա ուսուցում-11 մասնագիտություններով
Մաթեմատիկա
Ֆիզիկա
Ինֆորմատիկա /տեղեկաբանություն/
Կառավարում
Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Հաշվապահական հաշվառում և հարկում
Տեխնոլոգիա և ձեռնարկչություն
Աշխարհագրություն
Կենսաբանություն
Դեղագործական քիմիա
Քարտեզագրություն և կադաստրային գործ
  • Մագիստրոսի կրթական ծրագիր, առկա ուսուցում – 7 մասնագիտություններով
Մաթեմատիկա
Ֆիզիկա
Ինֆորմատիկա
Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
Կառավարում
Աշխարհագրություն
Կենսաբանություն

Ֆակուլտետի շրջանավարտները աշխատում են ՀՀ մարզերի տարբեր առևտրային կազմակերպություներում, մասնավորապես բանկերում, ձեռնարկություններում, ուսումնական և այլ հաստատություններում:

Ֆակուլտետում առկա են ժամանակակից սարքավորումներով փորձասենյակներ, համակարգչային տեխնիկայով հարուստ մասնագիտական լսարաններ, մասնավորապես Համաշխարհային բանկի և VIVA CELL MTS-ի աջակցությամբ:

Ֆակուլտետի դասախոսները և ուսանողները ակտիվ մասնակցում են համալսարանի կողմից իրականացվող տարբեր հանրապետական և միջազգային ծրագրերում, մասնավորապես ERASMUS MUNDUS INFINITY, ERASMUS+, ARMENQA, BUST, ARARAT, HEN GEAR, TEMPUS SuToMa:

Պողոսյան Բագրատ
Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկան
Ինքնակենսագրություն
Էլեկտրոնային հասցե. bagrat_poghosyan@shsu.am
Հեռախոսահամար. 093-15-03-42