«100 ԳԱՂԱՓԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է համահայկական երիտասարդական մրցույթ՝ «100 գաղափար Հայաստանի համար»:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:

Մրցույթի հիմնական խնդիրներն են`

  • երիտասարդական գյուտարարության, նորարարության խթանումը և զարգացումը
  • երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար գործնական նշանակություն ունեցող նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հայտնաբերումը և հնարավոր ներդրումը
  • սոցիալական և հասարակական կարևոր խնդիրների լուծման գործընթացներում հասարակական միավորումների, տնտեսվարող սուբյեկտների և կառավարման պետական մարմինների միջև բոլոր մակարդակներում համագործակցության կատարելագործումը
  • երիտասարդության սոցիալական գործընկերության և փոխադարձ պատասխանատվության սկզբունքների ներդրումը պրակտիկայում:

Մրցույթի կազմկոմիտեի կողմից ընդունված մրցութային հայտերը գնահատելու նպատակով ստեղծված Մրցույթի փորձագիտական հանձնաժողովը կիրականացնի մրցութային հայտերի փորձագիտական գնահատումը։ Փորձագիտական նախնական գնահատման արդյունքում ընտրված լավագույն 20 հայտերը կանցնեն Մրցույթի եզրափակիչ փուլ:

2019 թվականի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում կկազմակերպվի Մրցույթի եզրափակիչ փուլ անցած 20 լավագույն նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների ցուցահանդես, ապա Հանձնաժողովի նիստ, որտեղ տեղի կունենա նախագծերի պաշտպանություն (ներկայացման ձևով) հեղինակների (հեղինակային խմբերի) կողմից և նախագծերի վերջնական գնահատում: Սփյուռքահայ հեղինակները (հեղինակային խմբերը) իրենց նախագծերը կարող են ներկայացնել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ:

Հանձնաժողովի նիստի ավարտին Հանձնաժողովը ըստ հաստատված անվանակարգերի կհրապարակի նախագծերի վերջնական գնահատականները և կներկայացնի դրանք Կազմկոմիտեին: Կազմկոմիտեն կամփոփի Հանձնաժողովի գնահատականները, ինչի արդյունքում կորոշվեն Մրցույթի հինգ հաղթող նախագծերը:

Մրցույթում հաղթած նախագծերը կստանան խրախուսական պարգևներ և հավաստագրեր: 2019 թվականին Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝

  • Քիմիական գիտություններ,
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ,
  • Մանկավարժական գիտություններ,
  • Ճարտարապետություն,
  • Սոցիոլոգիական գիտություններ:

Նախագծերն անհրաժեշտ է ներկայացնել հայերենով, թղթային և էլեկտրոնային կրիչով (Word Document (մինչև 10 էջ) և Power Point Presentation (մինչև 25 սլայդ)): Չեն բացառվում էլեկտրոնային ներկայացման այլ հավելյալ միջոցներ՝ տեսա- ձայնային նյութեր (վիդեո-, աուդիո նյութեր), գրաֆիկական սխեմաներ, համակարգչային ծրագրեր և այլն:

Կիրառվելու են նախագծի գնահատման հետևյալ չափանիշները՝

  • ներկայացված թեմայի արդիականությունը և նախագծի գործնական նշանակությունը,
  • մրցութային նորարարական նախագծի իրականացման իրատեսականությունը,
  • գաղափարի նորույթը կամ ներկայացված խնդրի լուծման մոտեցումների նորարարականությունը,
  • նորարարական նախագծի (հետազոտության) նպատակների, խնդիրների հստակությունը և տրամաբանական հիմնավորվածությունը և դրանց հասնելու ուղիների հստակությունը,
  • թեմայի վերաբերյալ հեղինակային հայեցակարգերի և գործնական հանձնարարականների յուրօրինակությունը:

Լրացուցիչ առավելություն են ստանում ցուցադրական նյութով (տեսահոլովակ, մանրակերտ, նմուշներ և այլն) ներկայացված աշխատանքները: Մրցութային հայտերն ընդունվում են 2019 թվականի մայիսի 15-ից հոկտեմբերի 1-ը:

Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (հասցեն՝ ք. Երևան, Աբովյան 9, սենյակ 227) կամ ուղարկել erit.msy@gmail.com էլեկտրոնային հասցեով՝ էլեկտրոնային փոստի «Թեմա» բաժնում նշելով անվանակարգը:

Հայտի օրինակ